Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները վարչապետին հորդորում են չանտեսել Շանթ Հարությունյանին արդարացնելու հարցը


Շանթ Հարությունյանը դատարանում, արխիվ

Մի խումբ իրավապաշտպանենր նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» 5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի ու, առհասարակ, քաղբանտարկյալների արդարացման գործը:

Նամակի հեղինակների ձևակերպմամբ՝ հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը միայն արդարացման վճիռ է ակնկալում և այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել: Նամակագիրները հավելում են՝ Հարությունյանի և ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն, կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ։

Վարչապետին ուղղված նամակը ստորագրած իրավապաշտպաններից Ավետիք Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Շանթի և ընկերների գործով իրականացվել է անարդար դատավարություն, իսկ դատավճիռն ակնհայտորեն անհամաչափ է նրանց արարքին: Իշխանյանը տեղի ունեցածը հաշվեհարդար որակեց: «Նա կարող էր վարչական տույժի կամ վարչական պատժի ենթարկվել, իսկ եթե պատիժն անհամաչափ է, դա արդեն համարում ենք քաղաքական հետապնդում»,- ասաց Իշխանյանը:

«Ազատության» հարցին՝ վարչապետի միջամտությունը չի՞ դիտարկվի արդյոք որպես ճնշում դատարանի նկատմամբ, իրավապաշտպանը պատասխանեց՝ ցանկության դեպքում վարչապետը կարող է հանձնարարական տալ քննչական կոմիտեին, դատախազությանը՝ ուսումնասիրել դատական գործի հիմնավորումները: «Երբ հիմնավոր կասկածներ են լինում մեղադրանքի հետ կապված, ապա դիմում են դատարան, իսկ դատարանը կարող է արդարացնել: Իհարկե այդ գործընթացը բավական երկար կարող է տևել, բայց այն սկսելով՝ կարելի է կոչ անել Շանթին, որ նա դուրս գա, մինչև գործընթացն ավարտվի»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ողջ դատավարության ընթացքում իր պաշտպանյալը պնդել է, որ անմեղ է և հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Փաստաբանն ակնկալում է, որ նոր ստեղծված իրավիճակում վարչապետ Փաշինյանը կարող է հրավիրել գլխավոր դատախազի ուշադրությունն այս խնդրի վրա, ինչն էլ դատախազության համար հիմք կհանդիսանա՝ բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանալու և այս գործով բոլոր դատապարտվածներին արդարացնելու համար:

«Երբ ասում են, որ Շանթ Հարությունյանին ազատում են բայց դուրս չի գալիս, դա այդպես չէ: Խնդին այն է, որ նա ակնկալում է, որ դատավճիռը բեկանվի և կայացվի արդարացման դատական ակտ: Բայց, միաժամանակ, նա չի ցանկանում, որ այդ նախաձեռնությունն իրենից բխի: Ասում է՝ երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխոթյուն, և նոր իշխանությունները, ովքեր նաև հայտարարել են, որ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, նաև շեշտելով, որ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ակնկալում է, որ լինի բեկանում»,- «Ազատությանն» ասաց փաստաբանը:

«Արժեքների հեղափոխության» դուրս եկած 12 դատապարտվածներից միայն Շանթ Հարությունյանն է այս պահին ճաղերի հետևում: Մյուս դատապարտվածների մի մասի պատժաժամկետն է լրացել, մյուս մասին էլ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել: Նրանցից Ավետիս Ավետիսյանն ու Ալեք Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում մեջբերում էին հեղափոխության դուրս եկած Փաշինյանի խոսքերը՝ «Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները»:

Նաև հավելում են՝ ժամանակին Փաշինայի թվարկած անձանցիցի միայն Շանթ Հարությունյանն է դեռ անազատութան մեջ: «Առանց Շանթին ազատ արձակելու հնարավոր չէ ժողովրդավարական պետություն կերտրել»,- պնդում է Ալեք Պողոսյանը: Ներկայիս իշխանությունների հետ այլևս մեծ հույսեր չի կապում Շանթ Հարությունյանի համախոհ Ավետիս Ավետիսյանը: Խնդրի լուծումը նա այժմ ակնկալում է Մարդու Իրավուքնենրի Եվրոպական դատարանից:

«Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո, Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթները, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների դեպքում դանդաղելու իրավունք չունենք։

Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման և իր արդարացման պահանջը տրամաբանական է, և Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի և ազատ արձակվի»,- նաև նշված է իրավապաշտպանների հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG