ԵԱՀԿ անդամ 11 երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան և Բալթյան պետությունները, ռուս-վրացական պատերազմի 10-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն են հրապարակել, որում Ռուսաստանին կոչ են անում հրաժարվել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից և դուրս բերել զորքերը «Վրաստանի օկուպացված տարածքներից»։
«Վրաստան ռուսական ռազմական ներխուժումից 10 տարի անց մենք նախկինի պես մեր խորը մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ Վրաստանի տարածքները ռուսական օկուպացիայի տակ են։ Մենք ընդգծում ենք խնդրի՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,- մասնավորապես, ասված է հայտարարությունում։
Մի շարք երկրների, այդ թվում Լեհաստանի, Շվեդիայի, Ռումինիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները նաև տեսագրություն են տարածել, որում հիշեցնում են, թե ինչպես 10 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստանը զորքեր մտցրեց անկախ և ինքնիշխան Վրաստանի տարածք: Լեհաստանի արտգործնախարար Յացել Չապուտովիչը, մասնավորապես, մեջբերել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու՝ 2008 թվականի օգոստոսին Թբիլիսիում ունեցած ելույթից հետևյալ հատվածը․ - «Այսօր Ռուսաստանը Վրաստան է մտել, վաղը կմտի Ուկրաինա, վաղը չէ մյուս օրը՝ Բալթյան երկրներ, մի օր էլ կգա Լեհաստանի ժամանակը»:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Հիզեր Նոյերթը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշելով՝ միջազգային իրավունքի համաձայն՝ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածքներն են։
10 տարի առաջ օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը։ Պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ հենց վրացական զորքերն են սկսել ռմբակոծել Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը, և ռուսական կողմը ստիպված է եղել ռազմական գործողություններ սկսել Վաստանի դեմ՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ պատերազմը սկսել է ռուսական կողմը։ Ռուսական տանկերն այդ օրերին հասել էին մինչև Թբիլիսիի մատույցներն ու կանգ առել 80 կմ հեռավորության վրա: Մի քանի օր անց էլ պաշտոնական Մոսկվան ճանաչեց Հարավային Օսայի և Աբխազիայի անկախությունը։
Այս օրերին տարբեր երկրների նախկին պաշտոնյաներ հարցազրույցներ են տալիս՝ ներկայացնելով պատերազմին առնչվող որոշ դրվագներ: Մասնավորապես, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ուկրաինական «Գրոմադսկոյե» հեռուստաընկերությանը պատմել է, թե այդ օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է իրեն ու երեք պայման ներկայացրել՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պայմաններից մեկը Միխեիլ Սաակաշվիլու պաշտոնանկությունն էր և նրա հեռացումը երկրից: ԱՄՆ նախկին պետքարտուղարն ասել է, որ այդ պայմանն անմիջապես մերժվել է։
Ռայսը նաև պատմել է այն մասին, թե ինչպես է ռուս-վրացական պատերազմի նախօրեին Սաակաշվիլիին հորդորել՝ զերծ մնալ ռուսական սադրանքներին պատասխանելուց։ «Ռուսները փորձելու են ներխուժել ձեր երկիր, մի պատասխանեք այդ սադրանքներին, մի արեք այդպիսի բան, քանի որ ոչ ոք չի կարողանա ձեզ պաշտպանել որևէ հանգամանքում»,- Սաակաշվիլիին ասել է Ռայսը:
Օրերս էլ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուսական «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ - «Մոսկվան ցանկանում է, որ Իվանիշվիլին ամբողջությամբ հեռանա ՆԱՏՕ-ից, որ շտապ բացվի երկաթուղային ճանապարհի դեպի Հայաստան Աբխազիայի տարածքով, քանի որ Հայաստանը արագորեն դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, և դրա հետ կապված՝ ինչ-որ բան է պետք անել»: