Մատչելիության հղումներ

Դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դատախազությունը գտնում է, որ «նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմքերը, և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը չի շտապում մեկնաբանել դատախազության այս որոշումը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասում է՝ «նախ պետք է ստանանք այն, ծանոթանանք մերժման հիմքերին և միայն դրանից հետո իրավական գնահատական հնչեցնենք»:

«Դա մեր՝ փաստաբանների միջնորդությունն էր, որին կցված էր պատգամավորական խմբի երաշխավորությունը, այսինքն՝ մերժել են մե՛ր միջնորդությունը, ոչ թե պատգամավորների: Երբ որ էդ որոշումը կտեսնենք, կուսումնասիրենք, կվերլուծենք, դրանից հետո մեր դիրքորոշումը նախ և առաջ պաշտոնական փաստաթղթի ձևով կներկայացնենք, դատավարական փաստաթղթի ձևով, և նաև միգուցե լրատվամիջոցների համար կմեկնաբանենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը:

Դատախազությունն այսօր հրապարակել է նաև այն 45 պատգամավորների անունները, որոնք անձնական երաշխավորություն էին տվել Քոչարյանին կալանքից ազատելու համար: Նրանց մեջ գերակշիռ մեծամասնություն են կազմում Հանրապետական խմբակցության անդամները, երեքը Դաշնակցությունից են, մեկն էլ՝ «Ծառուկյան» դաշինքից։

ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով առաջիններից էր ստորագրել երաշխավորության տակ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ զարմացած չէ այս հայտարարությունից։ Ըստ նրա՝ Գլխավոր դատախազության բերած պատճառաբանություններն անհասկանալի են, ու սա «հստակ քաղաքական պատվեր է՝ անձնական հաշիվների մաքրում»։

«Սա ընտրովի արդարադատություն է, պարոնայք, նոր Հայաստանում չկա արդարադատություն, նոր Հայաստանում գործում է այլևս քաղաքական պատվեր: Եվ ես կրկնում եմ, որ դատախազության բացատրությունը և հիմնավորումը օդ է, ջուր, օդ: Ի՞նչ է նշանակում խոչընդոտել, ի՞նչ է նշանակում պատշաճ․․․ ի՞նչ պիտի աներ Քոչարյանը, պիտի փախնե՞ր: Քոչարյանը, կներեք, թուրքից չի փախել պատերազմի ժամանակ, ձեզնից ո՞ւր պիտի փախներ, Քոչարյանը եթե փախնող լիներ, չէր գա», - հայտարարեց Շարմազանովը:

Խորհրդարանի փոխնախագահը «խայտառակություն» է որակում այն փաստը, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ազատ արձակելու համար մի քանի պատգամավորների միջնորդությունը բավարարվում է, իսկ Քոչարյանի հարցում 45 պատգամավորների երաշխավորությունը հիմք չի դառնում խափանման միջոցը փոխելու համար:

«Այսինքն, ինչ, ստացվում է՝ նրանք, ովքեր որ ահաբեկչություն են իրականացնում, վտանգ չեն ներկայացնում, սպանում են ոստիկանի, և այդ խմբի անդամները վտանգ չեն ներկայացնում, իսկ երկրորդ նախագահը, որը ինքը կամավոր ներկայացել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն, եկել էր արտերկրից, վտանգ է ներկայացնո՞ւմ, երբ 45 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահ և երկու փոխնախագահներ են ստորագրո՞ւմ, ինչ է որ էնտեղ «Ելք»-ից և «Ծառուկյան» դաշինքից ստորագրություններ չկան՝ դրա համա՞ր», - ընդգծեց Շարմազանովը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG