Սերբիայի ու Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սահմանները վերաձևելու հարցեր դիտարկել, բայց քննադատողները զգուշացնում են, որ այդ գաղափարը կարող է ապակայունացնող գործոն դառնալ Բալկանյան ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:
Քննարկման առարկա կարող է դառնալ Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված ու Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված շրջանները փոխանակելու հարցը:
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ Եվրամիության միջնորդությամբ Պրիշտինայի և Բելգրադի միջև բանակցությունների հաջորդ փուլում, որն ակնկալվում է անցկացնել Բրյուսելում սեպտեմբերին, մտադիր է բարձրացնել Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված Պրեսևո շրջանը Կոսովոյին միացնելու հարցը: Իր առաջարկը նա համարել է «սահմանների ճշգրտումներ» Սերբիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:
Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը օգոստոսի 7-ին ասել է, թե Կոսովոյի նախագահի առաջարկը կարող է հնարավորությունների պատուհան լինել՝ փոխզիջումների միջոցով հասնելու երկարատև հակամարտության կարգավորմանը: «Գաղտնիք չէ, որ համաձայնության հասնելու հիմնական խոչընդոտը Պրիշտինայի՝ առավելագույնը ստանալու նպատակն է: Ցանկանում են, որ մենք ճանաչենք իրենց անկախությունը առանց փոխզիջման, փորձելով ստանալ ավելին՝ Պրեսևոն ու Բույանովաչը, որը նրանք «Արևելյան Կոսովո» են կոչում», - Սերբիայի հեռուստառադիոընկերությանը ասել է Դաչիչը: «Եթե երկխոսություն է, ուրեմն պետք է նաև առաջարկ լինի», - ընդգծել է նա, հավելելով, որ իր կարծիքով՝ Կոսովոյի բաժանումը ըստ էթնիկ բնակության շրջանների կարող է լինել լավագույն լուծումը:
Տարածքների փոխանակման հնարավորությանը դեմ են Կոսովոյի վարչապետը և այլ պաշտոնյաներ: Օգոստոսի 3-ին Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայն ասել է, թե ոչ ոք սահմանների փոփոխություն չի ցանկանում՝ բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Երեկ նա վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, թե Կոսովոյի սահմանները հաստատվել են պատերազմով և կարող են փոխվել միայն պատերազմով:
Սերբիայի ու Կոսովոյի ավելի քան երկու տասնյակ ոչ-կառավարական կազմակերպություններ երեկ համատեղ նամակ են հղել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ զգուշացնելով, որ Կոսովոյի բաժանումը կամ Կոսովոյի ու Սերբիայի միջև տարածքների փոխանակումը կարող է էթնիկ ռիսկերով ապակայունացնել Բալկանները:
2008 թվականին Կոսովոն միակողմանիորեն հռչակել է իր անկախությունը Սերբիայից: Ավելի քան 100 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Բայց Սերբիան, որն ունի Մոսկվայի աջակցությունը, հրաժարվում է ճանաչել Կոսովոն որպես անկախ պետություն: Մեկ տասնամյակ շարունակող հակասությունը երկու կողմերին խանգարում է անդամակցել Եվրամիությանը: