Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին


Ոստիկանությունը ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ զբաղվում է Երևանի ընտրողների ցուցակներով: Այս մասին Գյումրիում այսօր հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Ընդդիմադիրները մշտապես քննադատել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, պնդել, որ դրանք ուռճացված են և ծառայում են իշխանությունների վերարտադրությանը: Այս առնչությամբ Օսիպյանը հայտարարեց․ - «Այսօրվանից սկսած ցուցակների ճշգրտումն ենք անում, որպեսզի հասցնենք մինիմումի կամ իսպառ վերացնենք անճշտությունները»:

Ոստիկանապետը պնդեց՝ ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ․ - «Վստահեցնում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետությունում, անկախ նրանից, թե ինչ ընտրություն է տեղի ունենալու, ունենալու ենք նախադեպ չունեցող ընտրություններ»:

Վերջերս իրավապահների գործողությունների մասին հնչում է նաև քննադատություն, թե կատարված բացահայտումների արդյունքում մարդիկ են ձերբակալվում, հետո ազատ արձակվում: - «Մենք առաջնորդվում ենք բացառապես օրենքով և իրավապահ համակարգը անտեղի որևէ քաղաքացու ոստիկանություն չի ներկայացնի: Եթե կան այդպիսի բերման ենթարկվածներ, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա», - վստահեցրեց ոստիկանապետը:

Վալերի Օսիպյանը Գյումրիում դռնփակ խորհրդակցություն անցկացրեց, որից հետո լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են հիմնականում քաղաքացիներին հուզող հարցեր՝ վերջին տարիներին բնակարանային գողության, չբացահայտված հանցագործությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ֊ծառայողական հարցեր:

Ճանապարհային ոստիկանությունը օրերս Գյումրիում ուժեղացված հերթապահություն էր իրականացրել: Այսպես ասած «ռեյդը» գյումրեցի վարորդներին անակնկալի էր բերել ու քաղաքում դեռ խոսում են այդ մասին: Վալերի Օսիպյանն ասաց, որ ճանապարհային ոստիկանների ակտիվությունից պետք չէ վախենալ․ - «Մենք կոպիտ խախտում թույլ տված վարորդներին կարգի ենք հրավիրում, որպեսզի անպատժելի մթնոլորտ չդրսևորեն»:

Ոստիկանապետը մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանական համակարգում կոռուպցիան իսպառ վերացած է: - «Ես չեմ բացառում, որ միգուցե կլինեն ոլորտներ, միգուցե կլինեն իմ գործընկերներից ոմանք, որ չեն հասկացել, բայց հավաստիացնում եմ՝ նրանք կկրեն օրենքով նախատեսված խստագույն պատիժը», - ընդգծեց Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG