Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական պատերազմից 10 տարի անց փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, հարաբերությունները մնում են փակուղային


Գորի, 11-ը օգոստոսի, 2008 թ․

Ուղիղ տասը տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս - վրացական պատերազմը, որի հետևանքով ավելի քան 400 մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու հարյուրից ավել խաղաղ բնակիչներ: Տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փասխստական, ռբմակոծվեցին տասնյակ բնակավայրեր ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանի տարածքում:

Հնգօրյա պատերազմից 10 տարի անց կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները, քաղաքական հարաբերությունները մնում են փակուղային: Ռուս-վրացական լարվածությունը տասնամյակների պատմություն ունի. 1990-ականների սկզբներին Աբխազիան ու Հարավային Օսիան որոշեցին անկախանալ Վրաստանից, ինչին Թբիլիսին դեմ էր, Մոսկվան՝ կողմ: Լարվածությունն վերջո վերաճեց ռազմական գործողությունների, Ռուսաստանը միջամտեց, արյունալի պատերազմն ավարտվեց, սակայն կողմերի միջև լարվածությունը պահպանվում էր, սադրանքներն էլ շարունակվում:

Ճգնաժամը գագաթնակետին հասավ 2008 թվականին: Պատճառներից մեկը դարձավ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու՝ Թբիլիսիի մտադրությունը: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ ռուսական զորքը Հարավային Օսիա է մտել մինչև վրացական զինուժի գործողությունները: «Մենք հարյուրավոր վարձկանների տեղաշարժ ենք արձանագրել Ռուսաստանը Վրաստանին կապող Ռոկսկի թունելով»,- պնդում էր Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան:

Միջազգային զեկույցներում, սակայն, եվրոպացի դիվանագետները հակառակն են պնդում՝ ռուսամետ անջատականների կողմից թեև սադրանքներ եղել են, սակայն պատերազմը փաստացի սկսել է Վրաստանը՝ օգոստոսի 7-ին: Այդ օրը Վրաստանի զինված ուժերը կես գիշերից րոպեներ առաջ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով ռազմական գործողություններ սկսեցին: ժամեր անց կոնֆլիկտը վերածվեց ռուս-վրացական ռազմական առճակատման՝ ծանր ռազմական տեխնիկայի և ավիացիայի գործադրմամբ:

«Ցխինվալիի, ինչպես նաև այլ բնակելի շրջաններում, այդ թվում հարավօսական հակամարտության գոտուց դուրս, լայնածավալ ռմբակոծություն է իրականացվում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կատաղի մարտերին միջամտեց Հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակը՝ մի քանի օրում վերահսկողություն սահմանելով Վրաստանի արևմտյան շրջանների նկատմամբ, գրավելով վրացական Գորի քաղաքը, հողին հավասարեցնելով Սենակիի վրացական ռազմակայանն ու ընդհուպ մոտենալով մայրաքաղաք Թբիլիսիին։

Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակ հայտարարում էին, որ ռուսական բանակը միջամտել է հակամարտությանը՝ Հարավային Օսիայում բնակվող իր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով: Վրաստանի և Ռուսաստանի միջև հրադադարի հաստատումը հնարավոր դարձավ Եվրամիության և Ֆրանսիայի ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ:

Մոսկվան առանց ժամանակ կորցնելու, անտեսելով ստանձնած պարտավորությունները, պատերազմի ավարտից ընդամենը 13 օր անց պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը Թբիլիսին որակեց Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ հերթական ոտնձգություն և խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ո՞վ էր պատերազմի իրական մեղավորը` այս հարցի շուրջ վեճերը մինչ օրս չեն դադարում: Վերլուծաբանները, հղում անելով միջազգային մի շարք զեկույցների, կարծիք են հայտնում, որ Վրաստանը տեղի տվեց ռուսական սադրանքին` ներքաշվելով լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: «Մենք կարծում ենք, որ իրավաբանական տեսանկյունից տեղի ունեցածը պետք է համարել բռնակցում, իսկ այն, ինչ տեղի է ունենում այս րոպեին, պետք է համարել ագրեսիվ գործողություն»- հայտարարում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հավելելով․ «Կատարյալ ապուշը կարող է պնդել, որ պատերազմը սկսել է Վրաստանը»:

Այս հարցը թերևս այն եզակիներից է , որի շուրջ նույն կարծիքն ունեն Վրաստանի նախկին և ներկա իշխանությունները: «Այն ինչ արել է Ռուսաստանն ինքնիշխան պետության դեմ, դա պատերազմ է Ռուսաստանի և Վրաստանի միջև, դա ագրեսիա է, բռնազավթում է, դա բոլոր միջազգային նորմերի ոտնահարում է»,- այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ռուս-վրացական պատերազմի տասներորդ տարելիցի կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել պաշտոնական Բրյուսելը՝ ընդգծելով, որ անվերապահորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: «Եվրոպական միությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դժբախտաբար, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը շարունակվում է, և դա հակասում է միջազգային նորմերին և 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության աջակցությամբ Ռուսաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորություններին»,- ասված է Եվրամիության դիվանգիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG