Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոլեգնում են աննախադեպ անտառային հրդեհներ, ինչին նպաստում են օդի բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հրշեջների հազարավոր մարտական հաշվարկներ:
Նահանգում 8 խոշոր հրդեհներն առայժմ չի հաջողվում մարել: Առավել ծանր վիճակ է «Մենդոսինոյի ազգային պարկ» անտառային զբոսավայրի տարածքում, որտեղ հրդեհի գոտին այս պահին կազմում է մոտ 115 հազար հեկտար:
Նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայում «խոշոր աղետի» վիճակ է հայտարարել: Մենդոսինոյի համալիրի տարածքում կրակը ոչնչացրել է 75 տուն, հազարավոր մարդիկ տարհանվել են:
Հյուսիսային Կալիֆորնիայում օդի ջերմաստիճանը 0-ից բարձր է 43 աստիճան: Միայն Մենդոսինոյի պարկի տարածքում աշխատում է հրշեջների 3 հազար 900 մարտական հաշվարկ:
Նախագահ Թրամփը Թվիթերում գրել է, թե հրդեհների տարածմանը նպաստում են բնապահպանական վատ օրենքները, մասնավորապես, ջրի մատակարարման համակարգի կառավարումը:
Կալիֆորնիայի հրշեջ ծառայությունը պատասխանել է նախագահին՝ հայտարարելով, որ նահանգի հրշեջները հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրի պակաս չունեն:
Կալիֆորնիայի բնապահպան ակտիվիստները և որոշ քաղաքական գործիչներ նշել են, որ անտառային հրդեհների արագ տարածման պատճառներից մեկը կարող է լինել կլիմայի փոփոխությունը: