Մատչելիության հղումներ

Մասիսցիները բողոքում են գարշահոտ աղբավայրից, որտեղ նաև Երևանի աղբն է թափվում


Մասիսի աղբավայրը, Օգոստոս, 2018 թ․

Մասիս քաղաքի հարևանությամբ տեղակայված աղբավայրի ծանրաբեռնվածությունն ու շարունակ այնտեղ բռնկվող հրդեհները բնապահպանական աղետ են քաղաքի ու հարակից համայնքների համար, ահազանգում են տեղի բնապահպանները: «Կանաչ Մասիս» ՀԿ նախագահ Արթուր Հարությունյանը նկարահանել է, թե ինչպես է այրվում աղբավայրը: «Աշխատակիցներ միշտ կան, ու ոչ մի անգամ չեմ նկատել, որ որևէ կերպ աշխատակիցները կամ հրշեջ ծառայության մեքենաներն իրականացնեն մարման աշխատանքներ: Միանշանակ չեմ կարող ասել, որ հենց աշխատակիցներն են այրում աղբը, կարող է և ինքնաբուխ լինի, բայց ամեն դեպքում որևէ կերպ չեն միջամտում այրման կասեցմանը»,- ասում է Հարությունյանը:

Հարակից թաղամասերի բնակիչները ևս հաստատեցին՝ հաճախ լուսաբացին արթնանում են հեղձուցիչ ծխից ու վառվող աղբի ծանր հոտից: «Լվացքը փռում ենք, հետո որ հավաքում ենք, տհաճ հոտ ա գալիս, նորից պետք ա լվանանք, մանավանդ առավոտ շուտ», «մոտիկ գյուղերը լրիվ էդ հոտի տակ են»,- բողոքեցին մարդիկ:

Աղբը դիտավորյալ են այրում, թե ոչ՝ բնակիչները չգիտեն, սակայն կասկածներ ունեն, որ դա արվում է «տեղ ազատելու համար»: Վերջին տարիներին Մասիս քաղաքն ու հարևան գյուղերը սպասարկող աղբավայր է սկսել տեղափոխվել նաև Երևանի աղբի մի մասը: Մարդիկ ասում են՝ աղբավայրը դեռ երկար կծառայեր, եթե Երևանից աղբը չբերվեր ու լցվեր Մասիս:

Աղբավայրը շահագործող ընկերության և Երևանում աղբահանություն կազմակերպող «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրի համաձայն, «Սանիթեքը» Երևանի Շենգավիթ վարչական շրջանի աղբը տեղափոխում է Մասիս: Հենց նկարահանման պահին հանդիպեցինք աղբ տեղափոխող աշխատակիցների: «Կարևոր ա՝ աղբը մաքրենք, կարևոր չի, որտեղ ենք թափում»,- ասացին նրանք:

«Սանիթեք» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանը կարծում է՝ բնակիչները բողոքը պետք է հասցեագրեն աղբավայրը շահագործողին․ «Որովհետև աղբավայրն առանձին ընկերություն է, մեր ընկերության կողմից աղբը միայն դատարկվում է նշված հասցեում: Նշված աղբավայրը պարտավոր է իր աղբին տիրություն անի՝ տեղափոխի, այրումների դեմ պայքարի»:

Շահագործող ընկերության մասին աղբավայրի տարածքում որևէ ցուցանակ չկա: Մասիսցիների հավաստմամբ, աղբավայրը պատկանում է Մասիսի քաղաքապետի մտերիմներից մեկին, ով հայտնի է «Զիբիլի Գոռիկ» մականունով և այժմ կալանավորված է ապրիլյան ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու համար:

Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Նարինե Ավետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ոչ Մասիսի, ոչ էլ Հայաստանում որևէ այլ աղբավայր չի շահագործվում սանիտարական նորմերի պահպանմամբ: Այդ է պատճառը, որ Հայաստանում արտոնագրված աղբավայր չկա: «Եթե արտոնագրենք, պատկերացրեք, որ բոլոր աղբավայրեը պետք է փակվեն»,- ասաց Ավետյանը:

Կառավարությունը մինչև 2020-21 թվականները նախատեսում է Հրազդանում և Երևանում սանիտարական նորմերին համապատասխանող 2 աղբավայր կառուցել՝ վարկի ու դրամաշնորհի միջոցով, որոնց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 36 մլն եվրո: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է:

Կառավարությունը նախատեսում է նաև Հայստանում գործող աղբավայրերի թիվը նվազեցնել, հասցնելով առավելագույնը 10-ի, որոնք էլ արդեն կհամապատասխանեցվեն սանիտարական նորմերին: Դրանից հետո է միայն ՏԿՆ պաշտոնյան հնարավոր համարում աղբավայրերի պատշաճ վերահսկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG