Մատչելիության հղումներ

Տեսողության խնդիրներ ունեցողները շարունակում են բողոքել, պահանջելով ԿՄ նախագահության ողջ կազմի հրաժարականը


Տեսողության խնդիրներ ունեցող անձինք բողոքում են ԿՄ ղեկավարության գործողություններից, 1-ը օգոստոսի, 2018 թ․
Տեսողության խնդիրներ ունեցող անձինք բողոքում են ԿՄ ղեկավարության գործողություններից, 1-ը օգոստոսի, 2018 թ․

Տեսողության խնդիրներ ունեցող անձիք շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով «Հայաստանի կույրերի միավորման» նախագահության ողջ կազմի հրաժարականը: «Պահանջում ենք հրաժարականն ամբողջ ղեկավարության, որ վերջ դնենք էն սխեմային, որ իրանք իրար մեջ ընտրում են, ղեկավարում են»,- այսօր ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո «Հայաստանի կույրերի միավորման» 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանը հրաժարական է տվել: Կազմակերպության փոխնախագահ Մարտին Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 91-ամյա նախագահը հրաժարական է տվել վատառողջ լինելու պատճառով:

Տեսողության խնդիրներ ունեցող անձինք դեռևս նախորդ շաբաթվանից բարձրաձայնում են՝ միավորումը ոչ արդյունավետ է կառավարվում, միավորմանը պատկանող տարածքները վարձակալության են տրվում, սակայն դրանից ստացվող գումարները պարզ չէ, թե ինչ են արվում։ Այսօր էլ բողոքողները շարունակում էին պնդել, որ կազմակերպությունում չարաշահումներ են տեղի ունենում, իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում դրանց վրա և նշում՝ պետք է աուդիտ անցկացվի:

Ակցիայի մասնակիցները ԿՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրոնտ Դանիելյանից, ինչպես նաև միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանից պահանջում էին միավորման արտահերթ նիստ հրավիրել և նոր ընտրություններ անցկացնել։ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրոնտ Դանիելյանն ասաց՝ այս պահին դա հնարավոր չէ, քանի որ «միավորումը գործում է իր կանոնադրությամբ»:

1800 անդամ ունեցող «Հայաստանի կույրերի միավորման» փոխնախագահ Մարտին Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իր կողմից չարաշահումներ թույլ չեն տրվել և չի պատրաստվում հրաժարական տալ այնքան ժամանակ, քանի դեռ իրավապահ մարմիններն ավարտին չեն հասցրել ստուգումներն ու ինքը չի ստացել դրանց արդյունքները։ Ասաց՝ եթե չարաշահումներ հայտնաբերվեն, պատրաստ է պատասխանատվություն կրել։

Դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները պնդում են, որ միավորման նախագահության կազմը շարունակաբար վերարտադրվել է, իսկ երիտասարդներին տեղ չի տրվել, ԿՄ փոխնախագահն արձագանքեց՝ ճակատագրով դատապարտված մարդիկ ենք, միասին եկել ենք, միասին էլ կգնանք: «Մարդիկ դպրոցն ավարտել են, բուհն ավարտել են, եկել կույրերի միավորումում աշխատում են։ Իրար ճանաչում են, հարգում են, սիրում են, պադեռժկա են անում, իրար հետ լեզու են գտնում»,- ասաց Մարտին Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցներն ասացին՝ չեն նահանջելու. կպայքարեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կատարվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG