Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում 101 տարեկանում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքրյանը


Ֆրանսիա - Արսեն Չաքրյանը Վիտրի-սյուղ-Սենի իր տան մոտ, 2011թ․

Կյանքի 102-րդ տարում, Փարիզի Վիտրի-սյուղ-Սեն արվարձանի հիվանդանոցում մահացել է Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դիմադրության շարժման` Միսաք Մանուշյանի գլխավորած ներգաղթյալների հայտնի խմբի անդամ Արսեն Չաքրյանը, կիրակի օրը հայտնել է նրա ընտանիքը:

Չաքրյանը ծնվել է 1916 թվականին Թուրքիայում հայկական ընտանիքում, որը Ֆրանսիա է տեղափոխվել 1930 թվականին: 1937-ին նա ծառայության է անցել ֆրանսիական բանակում, զորացրվել է 1940-ին, երբ Ֆրանսիան հանձնվել է նացիստական Գերմանիային: Այնուհետև Չաքրյանը անդամագրվել է Մանուշյանի խմբին, որը գերմանացիների դեմ հարձակումներ, սաբոտաժ է իրականացրել 1943-ին: Խմբավորումը կազմալուծվել է 1944-ին, երբ դրա անդամներից 23-ը ձերբակալվել են ֆաշիստների կողմից և մահվան դատապարտվել: Արսեն Չաքրյանին հաջողվել է փախուստի դիմել Բորդո, որտեղ նա մինչև պատերազմի ավարտը ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը:

Պատերազմից հետո Չաքրյանը բազմաթիվ մեդալներով է պարգևատրվել, 1958 թվականին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել: 2012 թվականին արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝ Պատվո Լեգեոնի շքանշանի:

Պատերազմից հետո Չաքրյանը պայքարում էր Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Արսեն Չաքրյանը Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամն էր, ով մինչ այժմ կենդանի էր:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Թվիթերում գրել է, որ Չաքրյանը «Դիմադրության հերոս էր և անխոնջ վկա, ում ձայնը ուժգին հնչեց մինչև վերջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG