Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երեք չեխ զինծառայող է զոհվել


Աֆղանստան - Բագրամի ռազմական օդակայանը, արխիվ

Աֆղանստանում՝ Բագրամի օդակայանի մոտ թալիբ մահապարտի իրականացրած ահաբեկչական պայթյունից զոհվել են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողությանը մասնակցող երեք չեխ զինծառայողներ:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ «երեք զինծառայողները հերոսի մահով են զոհվել», և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Բագրամի ռազմական օդակայանի մոտակայքում ահաբեկչական պայթյունի համար պատասխանատվությունը «Թալիբան» շարժումն է ստանձնել:

Մահապարտը ռումբը պայթեցրել է այն պահին, երբ չեխ զինծառայողները աֆղանստանցի զինծառայողների հետ համատեղ պարեկություն են իրականացրել ռազմակայանի մոտ: Պայթյունի հետևանքով երկու աֆղանստանցի զինծառայողներ վիրավորվել են:

Ներկայումս Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահների կազմում ծառայում է 230 չեխ զինծառայող: Չեխիան մտադիր է մինչև 2020 թվականը խաղաղապահների թիվը հասցնել 390-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG