ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ 2016 թվականին Նյու Յորքում Trump Tower երկնաքերի սրահներից մեկում իսկապես տեղի է ունեցել իր ներկայացուցիչների և Կրեմլի հետ կապեր ունեցող փաստաբանի հանդիպումը, որի նպատակն էր «տեղեկություններ ստանալ մրցակից թեկնածուի մասին»:
Թրամփի պնդմամբ՝ «այդ հանդիպումը միանգամայն օրինական էր, և նման հանդիպումներ քաղաքական ասպարեզում միշտ էլ տեղի են ունենում»:
Ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպմանը ներկա են եղել նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, փեսան՝ Ջարեդ Քուշները, նախընտրական արշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը և Թրամփի թիմի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպումը տեղի է ունեցել, երբ ռուսները Թրամփի որդուն փոխանցել են, որ ունեն Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող, մասնավորապես՝ նրա կողմից էլեկտրոնային նամակագրության գաղտնիությունը չապահովելու մասին վկայող նյութեր:
Նատալյա Վեսելնիցկայան հերքել է Կրեմլի հանձնարարությամբ հանդիպմանը մասնակցելու իրողությունը՝ Կոնգրեսին փոխանցելով, թե գործել է «պետական գերատեսչություններից անկախ»:
Թվիթերում Թրամփի տեղադրած այդ գրառումն այսօրվա դրությամբ նրա առաջին հստակ խոստովանությունն է այն մասին, որ ռուսաստանցի փաստաբանի հետ իր որդու և իր թիմի այլ ներկայացուցիչների հանդիպման նպատակը Քլինթոնին վարկաբեկող նյութեր ստանալն էր: