Մատչելիության հղումներ

Շաբաթավերջից մի քանի գիշեր Պերսեիդների ասուպային հոսք՝ «աստղաթափ» կդիտվի


Լուսանկարը՝ Բյուրականի աստղադիտարանի
Լուսանկարը՝ Բյուրականի աստղադիտարանի

Այս շաբաթվա վերջից երեք գիշեր Պերսեիդների ասուպային հոսք կդիտվի: Ինչպես հաղորդում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։ Ասուպային հոսք կարելի է տեսնել նաև օգոստոսի 11-ի լույս 12-ի և օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերները:

«Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրև»։ Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ», - մանրամասնում է աստղադիտարանը:- «Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները։ Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն»։

Օգոստոսի լույս 13-ի գիշերը, ըստ հաղորդագրության, մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ «Առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները: Սովորաբար ասուպային հոսքերը տևում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար», - ասված է հաղորդագրությունում:

Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվություն կանխատեսվում է նաև 2028 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG