Վենեսուելայի իշխանությունները հայտարարում են, որ շաբաթ օրը Կարակասում տեղի ունեցած ռազմական միջոցառման ժամանակ անօդաչու թռչող սարքով մահափորձ է տեղի ունեցել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Մադուրոյի ելույթի ժամանակ լսվում է կրակոցի ձայն, այդ պահին թիկնապահները վահաններով շրջափակում են նախագահին: Նշվում է, որ յոթ մարդ է տուժել:
Reuters գործակալությունը հայտնում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Շապիկներով զինվորներ ազգային շարժում» ոչ հայտնի խմբավորումը:
Associated Press գործակալությունը, հղում անելով հրշեջներին, որոնք դեպքի վայրում էին, նշում է, որ Մադուրոյի շուրջ դրոններ չեն եղել: Նրանք պնդում են, որ պայթել է գազով լի տարա:
Վենեսուելայի ղեկավարությունը, մինչդեռ, պնդում է, որ հարձակման ետևում կանգնած են հարևան Կոլումբիայի իշխանությունները և աջակողմյան ուժերը: Բոգոտայում հերքել են այդ մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն:
Մադուրոն երկրի ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնել է մայիսին: Ընտրություններից առաջ նրա տասնյակ ընդդիմախոսներ ձերբակալվել կամ զրկվել են նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ ԱՄՆ֊ը խստացրել է Կարակասի դեմ պատժամիջոցները:
Վենեսուելան վերջին տարիներին աննախադեպ տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել կոռուպցիայի և ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության պատճառով: 2017 թվականին ամիսներ տևած բողոքի զանգվածային ակցիաներից հետո, որի ընթացքում ավելի քան 120 մարդ է զոհվել, Մադուրոն լիազորություններից զրկել է խորհրդարանին, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն է կազմում։