Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի երիտասարդ ուսուցիչը ԼՂ Նորշեն գյուղում հաջողությամբ նորարարական գաղափարներ է կիրառում


Արա Հարությունյանը Նորշենում իր ստեղծած պարի խմբի սաների հետ, հուլիս, 2018 թ․
Արա Հարությունյանը Նորշենում իր ստեղծած պարի խմբի սաների հետ, հուլիս, 2018 թ․

Լեռնային Ղարաբաղի Նորշեն գյուղ գալուց հետո ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանի առաջին գործը գյուղի երեխաներին ազգային պարեր սովորեցնելն էր։ Նա Ղարաբաղ է եկել «Դասավանդիր Հայաստան» ծրագրով։ Ու քանի որ 1990-ականների պատերազմի ժամանակ Նորշենում ու հարակից գյուղերում ազգային հերոսի կոչում ստացած Մոնթե Մելքոնյանն է պայքար մղել, պարի խումբը հենց նրան անունով էլ կոչվել է։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ Ստեփանակերտի ծերանոցում։

32-ամյա երիտասարդը մոտ մեկ տարի առաջ գյուղ գալուց հետո որոշեց երեխաներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնել ու ԻՏ ձեռնարկությունների միության հետ միասին «Արմաթ» անվամբ լաբորատորիա հիմնեց։ Ուսուցիչը հպարտ է՝ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Նորշենի ռոբոտաշինության թիմն արդեն մի քանի հաղթանակ է գրանցել: Աշակերտներից մեկն էլ շուտով կմասնակցի DigiCamp-ին։ «Սկզբում հիմնականում սովորել ենք ծրագրավորում, հիմա նաև անցել ենք ռոբոտներին, ծրագրավորում ենք ռոբոտին, որ տեղաշարժվի, պատերին չխփի, շրջադարձեր անի և այլն»,- պատմեց երիտասարդ ուսուցիչը:

Նորարարական գաղափարներ ուսուցիչը նաև ֆիզիկայի դասերի ընթացքում է կիրառում։ Awesome մրցույթում Արան հաղթեց ու տրված դրամաշնորհով մեթոդական լաբորատորիա ստեղծեց, որն այժմ օգտագործում է ֆիզիկայի բոլոր դասաժամերին։ Ասում է՝ երեխաներն ամեն դասի ժամանակ տեսնում են, թե ինչպես են գնահատական վաստակում, խաղի միջոցով էլ ավելի լավ են սովորում առարկան։

Բացի դասերից Արան նաև երեխաների ժամանցն է կազմակերպում, միասին արշավների են գնում։ Ամանորին էլ նրա շնորհիվ 54 աշակերտների երազանքները «փոխանցվեցին Ձմեռ պապին» ու իրականություն դարձան։ Երեխաներից մեկը մեծ կոշիկներ էր ուզել․ Արան հուզվել էր, երբ իմացել էր, որ հիվանդ մայրիկի համար է կոշիկները խնդրել։ Իր պատվոգրերից ուսուցիչը հատկապես մեկն է առանձնացնում․ «Պատվոգիրը, դա լավագույն նվերն է»:

Ինժեներ-նախագծող Արան որոշել է Նորշենը «Արցախի տեխնոլոգիական կենտրոն» դարձնել։ Իր ծրագրերն իրականացնելուց հետո բնակության վայրը գուցե փոխի՝ դեռ վերջնական որոշում չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG