Մատչելիության հղումներ

Արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով այս պահին գործով անցնող միակ անձը Արմեն Գևորգյանն է․ ՀՔԾ  


Արմեն Գևորգյան, արխիվ
Արմեն Գևորգյան, արխիվ

Արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով այս պահին գործով անցնող միակ անձը 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանն է։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին երեկ մեղադրանք առաջադրվեց՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նրա մասով գործը միացվել է մարտի 1-ի գործին։ Գևորգյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու մասին երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վկայակոչելով նաև «Վիկիլիքսի» հրապարակումները։ Դրանցում, մասնավորապես, նշվում է՝ «Վալերի Պողոսյանը ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը, ըստ այդ փաստաթղթերի, նաև ասել էր, թե իրեն ևս այդ օրերին նախագահի աշխատակազմից զանգահարել են:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս առնչությամբ երեկ «Օրակարգին» ասել էր․ «Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Նա բարձրաձայնել էր ու դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից ճնշումներ են եղել իր վրա, որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում:

Քանի որ այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, մենք այս ուղղությամբ նույնպես քննություն արեցինք և պատկերացրեք՝ այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց։ Հիմնավորվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա»,- նշել էր ՀՔԾ պետը։

«Հայ ազգային կոնգրեսը» տարիներ շարունակ հայտարարում էր, թե տեղեկություններ ունի այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում արձագանքելով Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրած մեղադրանքին, ասաց՝ սա աննախադեպ զարգացում է.

«Քաղաքական կամք է դրսևորվել՝ այդ տեղեկությունները ստուգելու և պարզվել է, որ նման փաստեր տեղի ունեցել են։ Սա, իհարկե, մի քիչ աննախադեպ զարգացում է, որովհետև նման բան չի եղել դեռ էս տարիների ընթացքում: Բայց մենք պետք է սովորենք, որ սրանք շատ նորմալ բաներ են, որ Սահմանադրությունը, օրենքները պետք է գործեն, որ ոչ ոք իրավունք չունի դատավորների նկատմամբ ճնշումներ իրականացնել։ Կարելի է ողջունել միայն, եթե հանցագործությունը բացվի և այդ հարցում լինեն հետևողական»,- նշեց Զուրաբյանը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG