Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանները հակադարձում են ՀՔԾ պետին, դարձյալ պնդելով՝ տեղի ունեցողը «քաղաքական հետապնդում է»


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը, Երևան, 4-ը օգոստոսի 2018 թ․
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը, Երևան, 4-ը օգոստոսի 2018 թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, և ամեն ելույթ գալիս է ապացուցելու այդ փաստը։ Մեկնաբանելով երեկ հանրային հեռուստաընկերությանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը՝ այսօր հրավիրած մամլո ասուլիսին հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք՝ Երեկ ՀՀԸ «Օրակարգ» ծրագրի եթերում ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել էր թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին, որը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: ՀՔԾ պետի խոսքով՝ դրանում կան անհերքելի փաստեր, որ զինված ուժերը մասնակցել են մարտիմեկյան գործողություններին, օգտագործվել են ներքաղաքական հարցեր լուծելու համար։

Ի պատասխան՝ Սողոմոնյանն այսօր ասաց՝ ՀՔԾ պետի հայտարարություններում հակասությունները շատ են, չկա որևէ խոսք այն մասին, թե արդյոք եղել է որևէ բախում զինվորների և ցուցարարների միջև։ «Խրոխտ ձայնով տեքստը կարդալուց բան չի փոխվում, թող դեռ ՀՔԾ-ն ապացուցի անապացուցելին»,- ասաց Սողոմոնյանը, հավելելով․ «ՀՔԾ պետը երեկ մութ ձևակերպումներով հանդես եկավ»: Պաշտպաններն էլ հավելեցին՝ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը միջամտություն էր արդարադատությանը։

Սասուն Խաչատրյանը երեկվա հարցազրույցում ընթերցել էր 0038 հրամանի այն կետերը, ըստ որոնց՝ 2008 թվականի փետրվարի 23-ին զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, ստեղծվել են բարձր շարժողունակությամբ և բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հատուկ խմբեր։ Ըստ ՀՔԾ պետի՝ ապացուցներ կան նաև այն մասին, որ կրակել են ոչ թե տաբելային, այլ, այսպես կոչված, մաքուր զենքերից, որոնք հետագայում հավաքվել են։

«Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ 3-րդ կետում նշված ստորաբաժանումները, որոնք պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով և ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ ձեզ մոտ ինչ տպավորություն ստեծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,- ասել էր ՀՔԾ պետը:

Քոչարյանի պաշտպանական խմբին վերջերս միացած փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց, թե այդ հրամանը պետք է գնահատել «փետրվարի 23-ի տեսանկյունից»։ Ըստ նրա՝ մինչև մարտի 1-ը արդեն իսկ կային տվյալներ, որ ոմանք փորձում են բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, իսկ պաշտպանության երկու փոխնախարարներն արդեն չքողարկված աջակցություն էին հայտնում ցուցարարներին։ Ալումյանի խոսքով՝ այս ու մյուս հանգամանքները հաշվի առնելով՝ այդ հրամանով կանխվել է բանակի ներքաշումը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից այսօր նաև տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանը դեռ վարույթ չի ընդունել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով արդեն մեկ շաբաթ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի բողոքը։ Մինչդեռ նրա խափանման միջոցը փոխելու համար 45 պատգամավորների ստորագրությամբ երաշխավորության միջնորդությունը ներկայացվել է գլխավոր դատախազին։

Նրանց շարքում գերակշիռ մասը Հանրապետական կուսակցությունից են, պատգամավորներ կան նաև ՀՅԴ-ից: Երաշխավորությանը միացած բոլոր պատգամավորների անունները Վիկտոր Սողոմոնյանը դեռ չի հրապարակում՝ խոստանալով դա անել առաջիկայում և վստահեցնում է՝ որևէ պատճառով այդ մարդկանց ցանկը գաղտնի չի պահվելու։

«Օրակարգի» հետ հարցազրույցում ՀԾՔ պետը խոսել էր նաև Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ու նշել՝ իր կարծիքով Վերաքննիչ դատարանը պետք է մերժի պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Գործի շահերից ելնելով, ես գտնում եմ, որ այս պահին խափանման միջոց կալանավորումը այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում»,- հարցազրույցում ասել էր ՀՔԾ պետը:

Նրա հարցազրուցը, ըստ պաշտպանների, ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր, և դրանում հնչեցված փաստերը հարմարեցրած էին այն նպատակին, որն ի սկզբանե դրված է քննչական ծառայության առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG