Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում․ Քննչական կոմիտե


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Քննչական կոմիտեն հաստատում է «Ազատության» տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում:

Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ հանրությանը հայտնի է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները բանակում չեն ծառայել, հիմա կարծում է՝ դա նրանց չի հաջողվի․ - «Նրանք օրենքից վեր են եղել, և չեմ կարծում, որ հիմա հնարավոր լինի խուսափել: Սա արդեն նախորդ իշխանությունները չեն: Վարչապետի որդին է ծառայում բանակում, պաշտպանության նախարարի որդին է ծառայում բանակում, և Լիսկաների որդիները չեն կարող չծառայել այլևս»:

Տարբեր աղմկահարույց պատմություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանի ու նրա օգնական Վոլոդյա Հովհաննիսյանի հեռախոսահամարներն այսօր ողջ օրվա ընթացքում անհասանելի էին, մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նաև Խաչատրյանների ընտանիքի փաստաբաններից՝ նրանք նույնպես անհասանելի էին:

Ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի, այլ նաև նրա որդիների անուններն են տարբեր տարիների կապվել մի շարք քրեական պատմությունների հետ: Օրինակ՝ տարիներ առաջ Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից մեկ աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը հայտարարել էր, որ իրեն հարվածել է Տիգրան Խաչատրյանը՝ նախկին մարզպետի որդին: 2016-ին էլ մամուլը գրեց, որ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ որդին՝ Տրդատ Խաչատրյանը, դանակահարել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը: Նախկին մարզպետը հերքել էր այս տեղեկությունը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, եթե Սյունիքում ազդեցիկ այս ընտանիքի անդամների մասնակցությամբ անօրինական գործողությունները նախկինում կոծկվել են, ապա այսօր դրանք հավանաբար վեր են հանվում:

Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը և այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG