Մատչելիության հղումներ

Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել


Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով արդեն մեկ շաբաթ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից դեռ վարույթ չի ընդունվել, «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:

Երկու ամսով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը դատարան է ներկայացվել երկու օր առաջ: Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնում է նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

Տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորությամբ են հանդես եկել 45 պատգամավորներ՝ հիմնականում «Հանրապետական» խմբակցությունից: Սողոմոնյանի փոխանցմամբ՝ պատգամավորների երաշխավորագրերը հավանաբար այսօր կներկայացվեն գլխավոր դատախազին:

Էթիկան պահանջում է, որպեսզի այդ անունները հրապարակեն կա՛մ հենց պատգամավորները, կա՛մ թույլ տան, որպեսզի մենք հրապարակենք...
Վիկտոր Սողոմոնյան

Բացառությամբ Ազգային ժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանի ու նրա տեղակալներ Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի, մինչև հիմա Քոչարյանի համար երաշխավորությամբ հանդես եկած մյուս պատգամավորների անունները չեն հրապարակվում: Տեղեկությունը գաղտնիք չէ, բայց պատգամավորները իրենք պետք է որոշեն հրապարակել, կարծում է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը․ - «Էթիկան պահանջում է, որպեսզի այդ անունները հրապարակեն կա՛մ հենց պատգամավորները (և ես կարծում եմ՝ դրա մեջ որևէ խնդիր չի լինի), կա՛մ թույլ տան, որպեսզի

Շատ լավ գիտենք հանրային վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, դրա համար երևի թե առայժմ ամոթխած են մնում...
Արթուր Սաքունց

մենք հրապարակենք»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Քոչարյանի համար երաշխավորությամբ հանդես եկած պատգամավորները չեն հրապարակում իրենց անունները՝ խուսափելով հանրային բացասական վերաբերմունքից: - «Շատ լավ գիտենք հանրային վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, դրա համար երևի թե առայժմ ամոթխած են մնում», - մեկնաբանեց իրավապաշտպանը:

Խորհրդարանական չորս ուժերից երկուսը՝ Հանրապետականն ու Փաշինյանի կառավարության մաս կազմող Դաշնակցությունը հայտարարել են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը թողնում է քաղաքական հետապնդման տպավորություն: Երկու ուժերի ներկայացուցիչներից էլ Քոչարյանի ազատության համար երաշխավորություն տալու մասին տեղեկություն ստանալ չի հաջողվում:

ԲՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել

Վահե Էնֆիաջյան
Վահե Էնֆիաջյան

Երկրորդ նախագահի կալանավորման մասին պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը»: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այսօր վստահեցրեց, որ ինքն անձամբ չի միացել Քոչարյանին կալանքից ազատելու ստորագրահավաքին: Արդյո՞ք երկրորդ նախագահի համար երաշխավորություն ներկայացնող պատգամավորների թվում կան «Ծառուկյան» խմբակցության անդամներ՝ այս հարցին Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց: - «Ես ինքս՝ իմ անձի մասով կարող եմ ասել, որ բացառում եմ նման միջնորդությամբ հանդես գալը, այլ անձերի հետ կապված և նման տրամադրություն կամ տրամադրվածություն չեմ շոշափել», - նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը:

Օրեր առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծիք էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը կարող է հրահանգի արդյունք լինել: Հայտարարության հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ Բոստանջյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցության քարտուղարի՝ Քոչարյանի մասին հայտարարությունը չէ․ - «Նա առողջության հետ կապված խնդիրներ ունի և տևական ժամանակ պետք է էդ հարցերով զբաղվի, ինչի հետ կապված նա նաև հարկ է համարել, որ մեր ընդհանուր գործերի հետ կապված որևիցե խնդիր և խոչընդոտ չստեղծի և մի կողմ է քաշվել: Բայց նա եղել է և մնում է մեր լավ բարեկամն ու գործընկերը»:

2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ նախագահի կալանավորումը անհիմն են համարում, իսկ գործը քննող Հատուկ քննչական ծառայության ղեկավարը երեկ հայտարարել է, որ այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի նա քննության մասնակիցների վրա ճնշում չգործադրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG