ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը ամերիկյան նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործի շրջանակում ցանկանում է հարցաքննել ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի երգիչ Էմին Աղալարովին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ Էմին Աղալարովը, 2016 թվականին ներկա է եղել Դոնալդ Թրամփի որդու և ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը:
CNN-ի հետ զրույցում Աղալարովի փաստաբան Սքոթ Բալբերը հայտնել է, որ թեև իր վստահորդը թաքցնելու ոչինչ չունի, այդուհանդերձ չի ցանկանում մեկնել ԱՄՆ:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, Թրամփի որդին հանդիպել է Վեսելնիցկայային՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկիչ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Աղալարովը խոստովանել է, որ ինքն է օգնել կազմակերպել այդ հանդիպումը, սակայն հերքել է, թե հանդիպումը վերաբերում էր ինչ-որ վարկաբեկիչ տեղեկությունների:
The New York Times-ը, մինչդեռ, ավելի վաղ հաղորդել է, որ Աղալարովը Քլինթոնի մասին տեղեկություններ է փոխանցել, որոնք, իբր, ստացել է հոր՝ մոսկվացի միլիարդատեր Արազ Աղալարովի միջոցով ռուսաստանցի մի դատախազից: