Մատչելիության հղումներ

Կառավարությունը կխրախուսի մարզերում աշխատել ցանկացող ապագա բժիշկներին


Մարզերում 300 բժշկի թափուր տեղ կա: Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ բժշկական համալսարանի ուսանողներին կոչ անելով դիմել անվճար հատկացված տեղերում ուսումը շարունակելու և հետագայում մարզերում աշխատանքի անցնելու համար։ «Իմաստն այն է, որ մեզ հետ կնքվող պայմանագրի համաձայն, նրանք ավարտելուց հետո պարտավորվում են 5 տարի աշխատել մեր կողմից նշանակվա] տեղում, որպեսզի այդ թափուր տեղերը համալրվեն»,- ասաց Թորոսյանը:

Կառավարության որոշումը հնարավորություն կտա ուսանողական նպաստի միջոցով վճարել ուսման վարձը։ Գործադիրն այսօր հաստատեց 2018-2019 թթ․ ուսումնական տարվա այն տեղերը, որոնց համար պետությունն ուսանողական նպաստների միջոցով կփոխհատուցի ուսման վարձն ամբողջությամբ։ Նրանք, ովքեր կօգտվեն այս հնարավորությունից, պետք է ուսումն անվարտելուց հետո գործուղվեն մարզեր: Այդ նպատակով հատկացվել է 123 տեղ:

Մարզերում բժիշկների պակասը լրացնելու համար, ինչպես հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, քննարկում են դրսի փորձը, օրինակ՝ սկանդինավյան երկրների․ «Այդ երկրներում, անկախ այն բանից, թե դու ինչ տեղ ես զբաղեցրել օրդինատուրայում, մեծ քաղաքներում աշխատանքի անցնելուց առաջ պետք է ոչ քաղաքային բնակավայրերի հիվանդանոցներում աշխատանքի որոշակի փորձ ունենաս»:

Նախարար Արսեն Թորոսյանը հավելեց՝ դեմ է այսպես կոչված պատժիչ միջոցներին։ Նա նշեց, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզեր գործուղված բժիշկների 5 տոկոսն է միայն վերադառնում Երևան։ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց․ «Կարգ կսահմանենք, որով փոխհատուցումը շատ ավելի՝ երկու կամ երեք անգամ մեծ կլինի, եթե նրանք հրաժարվեն գնալ նպատակային տեղերում աշխատել»:

Բժիշկների պակասը ու նաև սարքավորումներով ոչ բավարար հագեցվածությունն է ստիպում մարզերի բնակիչներին՝ գումար ծախսել, հասնել երևանյան հիվանդանոցներ՝ բուժում ստանալու։ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժվող՝ Արագածոտնի մարզի բնակիչ Զինա Ավդալյանը պատմեց, որ երկու ամիս Ապարանի հիվանդանոցում է անցկացրել, բայց վիճակը վատացել է և ուղարկել են Երևան։ Քասախցի 60-ամյա Անահիտ Սուչյանը ևս արդեն 10 տարի է՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում է բուժվում։ Մարզերի բնակիչներն ասում են՝ իրենց բնակավայրերի բուժհաստատությունները ոչ բարվոք վիճակում են, և եթե անգամ կան որակյալ բժիշկներ, միևնույն է՝ սարքավորումների պակասի խնդիրը թույլ չի տալիս լիարժեք ախտորոշում ստանալ և բուժում անցնել։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում առողջապահություն նախարարն ասաց՝ փորձում են պայմաններ ստեղծել, որ մարզեր գործուղված բժիշկները հետ չգան Երևան։ Նա կոչ արեց մարզային իշխանություններին՝ աջակցել այնտեղ աշխատող բժիշկներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG