Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» պատրաստ են միասին հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները առաջիկա ընտրություններում նախընտրելի տարբերակ են համարում «Ելք»-ի ձևաչափով հանդես գալը:

Միևնույն ժամանակ, երկու կուսակցությունները պատրաստ են միասին հանդես գալ՝ առաջարկելով իրենց թեկնածուին, եթե «Ելք» դաշինքի մաս կազմող երրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», առանձին ցուցակով մասնակցի ընտրություններին:

«Ազատությանը» տված հարցազրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը մանրամասնեց՝ քննարկում են արդարադատության նախարար, Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին առաջադրելու հարցը:

«Պարոն Զեյնալյանը, որպես քաղաքական գործիչ, որպես կառավարիչ, որպես արդարությունը և այդ արժեքները իր մեջ կրող գործիչ, կարծում եմ շատ լավ թեկնածու կլինի», ֊ ասաց Խաժակյանը՝ շարունակելով․ ֊ «Երևանը մեծ տնտեսություն է և խնդիրները բազմազան են, բազմաթիվ շահեր են բախվում: Ընդ որում, դրանք նաև իրավական շահեր են և այստեղ պետք է մի քաղաքապետ, ով կկարողանա այս շահերը լավագույնս համադրել և քաղաքը համաչափորեն զարգացնել»:

Հարցին, թե արդյո՞ք Արտակ Զեյնալյանը կողմ է քաղաքապետի թեկնածուի առաջադրմանը, Խաժակյանն ասաց՝ դեռ քննարկումներ են ընթանում, հակվածություն՝ կա։

«Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, դեռ չի հստակեցնում՝ առաջիկա ընտրություններին դաշինքով, թե առանձին ցուցակով է մասնակցելու։

«Վաղ է եզրակացություններ անել, որ «Ելք»-ը պառակտվել է»

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Այսօր կառավարության նիստից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նկատեց, թե վաղ է եզրակացություններ անել, որ «Ելք»-ը պառակտվել է։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ի երեք կուսակցությունները միասնական ցուցակ ներկայացնեն, պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները և նպատակները: Եվ այդ քաղաքական ուժը կստանձնի այդ արժեքների հիման վրա ընկած բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրը»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք առաջին փոխվարչապետի այսօրվա հայտարարությունից չի հետևում այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես կգա առանձին ցուցակով, Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ դժվարանում է պատասխանել, սակայն, սեպտեմբերին կայանալիք ընտրություններին միասնական հանդես գալու հույս, այնուամենայնիվ, դեռ կա:

«Քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հայտարարում այն մասին, թե «Ելք» դաշինքով չեն մասնակցելու ընտրություններին, այդ դուռը դեռ բաց է, այդ հույսը դեռ կա: Եվ կարծում եմ, որ հասարակության մոտ կա սպասում, որ միասնաբար ընտրություններին մասնակցենք և հույս ունեմ, որ դա այդպես էլ կլինի», - կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը:

Երևանի քաղաքապետարան, արխիվ
Երևանի քաղաքապետարան, արխիվ

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են «Երկիր Ծիրանին» և «Բարգավաճ Հայաստանը»: Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև ՀՅ Դաշնակցությունը, որը, սակայն, դեռ քննարկում է հնարավոր թեկնածուի հարցը։

Հայ ազգային կոնգրեսը այս թեմայով դեռևս քննարկում չի ունեցել, սակայն առաջիկա նիստում պատրաստվում են։

Նախկին իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, մինչ այս պահը չի հստակեցնում՝ կմասնակցեն ընտրություններին, թե՝ ոչ: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին:

Երկու ուժերը նախընտրական ծրագիր են մշակում

Մինչ «Քաղաքացիական պայմանագիրը» կհայտարարի իր դիրքորոշումը՝ Դավիթ Խաժակյանն ասում է՝ ժամանակը սուղ է, և «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» զուգահեռ մշակում են իրենց նախընտրական ծրագիրը։

Երևանի խնդիրները բաժանում են երկու մասի՝ քաղաքացիներին անհարմարություններ պատճառող ներկայիս խնդիրները՝ տրանսպորտ, վերելակներ և այլն, և 2-րդը՝ խնդիրներ, որոնք քաղաքը վաղ թե ուշ կանգնեցնելու են աղետի առջև:

«Դա չափազանց շատ մաշված բնակարանային ֆոնդն է և մեկը մյուսի հետևից 3-րդ և 4-րդ կարգի վթարային դարձող շենքերն են, դրանք գրունտային ջրերն են, որոնց վրա կառուցված են ամբողջ թաղամասեր և այդ շենքերը ամբողջ բարձրությամբ ճաքեր են առաջացնում և շենքը դառնում է վթարային, դրանք աղբահանության խնդիրներն են, նոր աղբավայրի խնդիրն է», - մանրամասնում է Խաժակյանը՝ հավելելով․ - «Բազմաթիվ են խնդիրները»:

XS
SM
MD
LG