Մատչելիության հղումներ

Թրամփը Սեշընզին կոչ է անում փակել ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազին կոչ է արել փակել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանն առնչվող գործը: Երեկ Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ դա ահավոր իրավիճակ է, և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը «պետք է վհուկների որսի կեղծարար գործը փակի հենց հիմա, քանի դեռ այն չի շարունակել սևացնել մեր երկիրը ապագայում»: «Ռուսական դավադրությունը Թրամփի քարոզարշավի հետ պատմության մեջ ամենահաջողված տոտալ խաբեությունն է», - ընդգծել է նա:

Թրամփի հայտարարություններից մեկ օր առաջ Վիրջինիայի դաշնային դատարանում մեկնարկել է 2016 թվականի ընտրություններում նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի դատավարությունը: Միացյալ Նահանգների նախագահի 2016-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի քննչական խումբը Մանաֆորթին մեղադրում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մատուցած խորհրդատվական ծառայություններից ստացած տասնյակ միլիոնավոր դոլարները թաքցնելու, հարկային պարտավորությունները չկատարելու մեջ:

Դատական լսումների առաջին օրը մեղադրող դատախազն ասել է, որ Մանաֆորթը ճոխ կյանք է վարել, թանկարժեք տներ և ավտոմեքենաներ է գնել, 500 հազար դոլար է ծախսել հագուստների վրա, իսկ ձեռքի ժամացույցը 21 հազար դոլար արժե: «Դատարանի դահլիճում գտնվող այս մարդը մտածել է՝ օրենքը իր համար չէ: Ո՛չ հարկեր կան, ո՛չ բանկային օրենքներ», - ասել է Ռոբերտ Մյուլերի թիմի դատախազ Ուզո Ասոնեյը: Նա մասնավորապես նշել է, որ Յանուկովիչի համար աշխատանքի դիմաց ստացած 60 միլիոն դոլարի մեծ մասից Մանաֆորթը հարկեր չի վճարել, արտասահմանյան բանկերի 30 հաշվեհամարներում թաքցրել է իր գումարները:

Փոլ Մանաֆորթի փաստաբանը բոլորովին այլ կերպ է բնութագրել իր պաշտպանյալին: Փաստաբանն ասել է, որ Մանաֆորթը փորձառու և հաջողակ քաղաքական խորհրդատու է: Նա արագ և շատ գումարներ է վաստակել, սակայն ամենօրյա աշխատանքները, հարկային պարտավորությունները, հայտարարագրերի կազմումը վստահել է իր օգնական Ռիկի Գեյսթին, իսկ վերջինս դավաճանել է նրան: Նշենք, որ Գեյթսը փետրվարին իրեն մեղավոր է ճանաչել, համագործակցում է հետաքննության հետ, ու ակնկալվում է, որ այս դատավարությունում կարող է լինել առանցքային վկաներից մեկը:

Փոլ Մանաֆորթի դատավարությունը նաև քննություն է համարվում Ռոբերտ Մյուլերի քննչական խմբի համար: Նրանց հավաքած փաստերով սա առաջին դատավարությունն է:

Մյուլերին հանձնարարվել է հետաքննել Թրամփի օգնականների ու Ռուսաստանի պաշտոնյաների հնարավոր կապերը: Այդ քրեական գործով տարբեր դրվագներով մեղադրանք է առաջադրվել 32 անհատների և երեք ընկերությունների:

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Ռուսաստանի հետ դավադրություն չկա, և այդ գործը բազմիցս անվանել է «վհուկների որս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG