Մատչելիության հղումներ

Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը հակասական իրավիճակ է ստեղծել․ Դատավոր


Պավլիկ Մանուկյանը գրավված ՊՊԾ գնդի տարածքում, արխիվ
Պավլիկ Մանուկյանը գրավված ՊՊԾ գնդի տարածքում, արխիվ

2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր ընդամենը մեկ նախադասությամբ վերահաստատեց երկու շաբաթ առաջ դատարանում արած իր հայտարարությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ «Դա բացարձակ ճշմարտություն է»,-դատարանում ասաց Պավլիկ Մանուկյանը։

Զինված խմբի առանցքային անդամը երկու շաբաթ առաջ դատարանում պնդել էր, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը նաև հայտարարել էր, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ նույնպես ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։

Այսօրվա դատական նիստից հետո՝ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը չցանկացավ այս թեմայի շուրջ խոսել՝ հորդորելով դիմել հենց կալանքի տակ գտնվող Պավլիկ Մանուկյանին։ Դատական նիստից հետո Մանուկյանի կնոջ եղբայրը՝ Մխիթար Ավետիսյանն ասաց, որ չի ընդունում Մանուկյանի ասածները։ Էդվարդ Գրիգորյանը, ում ևս Պավլիկ Մանուկյանը հիշատակել էր իր սկանդալային հայտարարությունում, ավելի վաղ ասել էր, թե Մանուկյանը սխալ տեղեկատվության է տիրապետում՝ այլ մանրամասներ նա չէր ցանկացել հաղորդել։

Դեռ երկու շաբաթ առաջ Պավլիկ Մանուկյանի արած հայտարարությունից անմիջապես հետո «Սասնա ծռերի» մեկ այլ առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանը շտապել էր հերքել Մանուկյանի ասածը, նշելով, թե նրա հայտարարությունները զինված խմբի տեսակետը չեն արտահայտում և իրենց հետ համաձայնեցված չեն։

Պավլիկ Մանուկյանի հայտարարության վերաբերյալ կարծիք էին հայտնել փաստաբանները՝ եզրահանգում անելով, որ այն չի կարող ազդել գործի քննության ընթացքի վրա։ Մասնավորապես՝ «Սասնա ծռերի» գործում ներգրավված ևս երկու փաստաբան՝ Տիգրան Եգորյանն ու Մուշեղ Շուշանյանն ասել էին, որ Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ գործի ընթացքի կամ զինված խմբի անդամների խափանման միջոցները փոխելու միջնորդությունների վրա։

«Երբ դատավարությունը կհասնի Պավլիկ Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, նա կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով»,- գրել էին փաստաբանները Շուշանյանի ֆեյսբուքյան էջում։

Այսօրվա դատական նիստն ընդմիջվեց, քանի որ, ինչպես հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը, անհրաժեշտություն կա լսել փաստաբան Ինեսսա Պետրոսյանին, ով բացակայում էր։ Պետրոսյանը միաժամանակ և՛ Պավլիկ Մանուկյանի, և՛ Մխիթար Ավետիսյանի պաշտպանն է։

Դատավորն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունից հետո հակասական իրավիճակ է ստեղծվել, քանի որ նույն փաստաբանը չի կարող ներկայացնել Մանուկյանի և նրա կողմից մատնացույց արված անձանց շահերը։ Այդ իսկ պատճառով դատավորը որոշում կայացրեց փոխել նաև Մանուկյանի և միաժամանակ Էդվարդ Գրիգորյանի, Արմեն Բիլյանի և Մխիթար Ավետիսյանի շահերը ներկայացնող հանրային պաշտպաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG