Մատչելիության հղումներ

Քաղաքացիները պահանջում են Քոչարյանին պատասխանատվության ենթարկել նաև իրենց սեփականությունից զրկելու համար


Շինարարություն Երևանի կենտրոնում, արխիվ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն օրերս նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Բաղդասարյանը պահանջում է սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչել 2000-ականներին Սահմանադրության մեկ այլ դրույթ խախտելու համար ևս:

«Մանրամասն գրել եմ և ապացույցները ներկայացրել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը խախտելով Սահմանադրության թիվ 28 հոդվածը, խախտելով ՍԴ որոշումը, իրավունք չունենալով, հակասահմանադրական որոշումներով ինձ և ընտանիքիս զրկել է սեփականությունից»,- «Ազատությանն» ասաց Բաղդասարյանը:

2000-ականներին, երբ ակտիվորեն կառուցապատվում էր մայրաքաղաքի կենտրոնը, Սեդրակ Բաղդասարյանի պես հարյուրավոր քաղաքացիներ հարկադրաբար, ինչպես իրենք են պնդում, չնչին փոխհատուցման դիմաց՝ ազատեցին կենտրոնի իրենց բնակարանները: Նրանցից շատերը մինչ այժմ սեփական բնակարան չունեն և ապրում են վարձով: Բաղդասարյանը հիշեցնում է ՍԴ 1998 թվականին ընդունած որոշումը, որը, նրա պնդմամբ, արհամարհել է Քոչարյանը․ «Քաղաքացու սեփականությունը կարող է օտարվել միայն Սահմանադրության թիվ 28 հոդվածի հիման վրա, իսկ եթե քաղաքացին համաձայն չէ, ապա նրա սեփականությունը, անշարժ գույքը կարող է վերցվել պետության կողմից միայն կոնկրետ սեփականության վերաբերյալ օրենք ընդունելով, որով կհիմնավորվի պետության կարիքը»:

Բուզանդի փողոցի նախկին բնակիչը պնդում է՝ Սահմանադրության երաշխավոր նախագահը խախտել է Մայր օրենքը․ առանց համապատասխան օրենքի օտարել է քաղաքացուն պատկանող գույքը: 1995 թվականին ընդունված Սահմնադրության թիվ 28 հոդված համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք: Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում: Բաղդասարյանը տնից զրկվել է կառավարության որոշմամբ: Բուզանդի 25 հասցեում գտնվող իր տնից Սեդրակ Բաղդասարյանը հրաժարվել է դուրս գալ։ Կառուցապատողը դիմել է դատարան ու գործը շահել: Բաղդասարյանը մեջբերում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ տարածքը զբաղեցնողներին վտարել․ «վտարել ասյինչ հասցեից, ուր՞ վտարել, ապաստա՞ն, Դերզո՞ր»:

Սպառելով Հայաստանում արդարադատության բոլոր ատյանները՝ Բաղդասարյանը Բուզանդի, Արամի և Հյուսիսային պողոտայի սեփականությունից զրկված այլ քաղաքացիների պես դիմել է ՄԻԵԴ ու գործը շահել: Ասում է՝ պետությունը ընդհանուր առմամբ 700 հազար եվրոյի վնաս է կրել բոլոր այս գործերով քաղաքացիներին փոխհատուցելիս:

14 տարի սեփական տուն չունեցող Սեդրակ Բաղդասարյանի վարձակալած տան հարևանը Նարինե Վասիլյանն է, որը 2006 թվականին հարկադրաբար լքել է Արամի 38 հասցեի ընդարձակ տունը: «1100 քմ սեփական հող է եղել, 300 քմ բնակելի շինություն, որից 125-ը նորակառույց: Էդ ամենի ինչի համար ամուսինս որպես եփականատեր ստացել է60 հազար դոլար, այն էլ երկու տարի հետո»,- ասում է Վասիլյանը:

Երևանի փոքր կենտրունում տունը կորցնելոոց հետո, Նարինե Վասիլյանի խոսքով՝ ընկան դատական քաշքշուկների մեջ, որի հետևանքով էլ ամուսինը հիվանդացավ ու մահացավ: Նարինեն ասում է՝ հատկապես վիրավորական է, որ իրենց քանդված տան փոխարեն՝ հիմա ընդամենն աղբավայր է:

Երկրորդ նախագահի օրոք տունը կորցրած քաղաքացիները այժմ ակնկալում են արդարադատության իրականացում: Ցանկանում են, որպեսզի նոր իշխանությունը սկսի 2000-ականների կառուցապատման ընթացքում կատարված ապօրինությունների բացահայտում ու պատժի մեղավորներին: ԱԱԾ ու վարչապետին նամակ ուղարկած Սեդրակ Բաղդասարյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ մեկ անգամ արդեն իրեն հրավիրվել են ԱԱԾ, ներկայացրել է իր ձեռքի տակ եղած փաստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG