Մատչելիության հղումներ

Լոռեցիները կտրականապես դեմ են Դեբեդի վրա հիդրոկայան կառուցելու ծրագրին


Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բնապահպանական շարժումներ են սկսվել, նախաձեռնող խմբեր են ձևավորվել, որոնք ստորագրահավաքներով, կառավարությանն ուղղված դիմումներով փորձում են կանխել Հայաստանի ամենաջրառատ գետի՝ Դեբեդի վրա հիդրոկայան կառուցելու դեռ նախկին կառավարության սկսած ծրագիրը։ «Փրկենք Դեբեդը» նախաձեռնող խումբը քաղաքում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում՝ հայտարարելով, որ դեմ են Ալավերդու միջով անցնող գետի ջրաքանակը կիսելու հաշվին ՀԷԿ գործարկելուն։ «Սարսափելի բան ա, կատաստրոֆա, եթե լինի, ստեղից ժողովուրդը պիտի քոչի»:

Նախաձեռնության անդամ Լևոն Մանուկյանն ասում է՝ լոռեցիները, անգամ խոշորացված Ալավերդի համայնքի ավագանու անդամները, ուշացումով են տեղեկացել Հայաստանի ամենամեծ՝ «Շնող ՀԷԿ»-ը կառուցելու ծրագրին, երբ դեռ մեկ տարի առաջ կառավարությունն այդ նպատակով պայմանագիր ստորագրեց այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի և մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ։ «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Վահե Աղամյանն ասում է՝ կցկտուր տեղեկություններ ունի դեռևս հանրային քննարկում չանցած ծրագրի մասին և մեծ վտանգներ է տեսնում։ «Մենք ռեալ ծրագիրը չենք տեսել, միայն գիտենք, որ թունել է կառուցվելու և 22 կիլոմետրը ջուրը դրանով է գնալու: Որտե՞ղ է երաշխիքը, որ ամբողջ Դեբեդը չի գնալու»,- ասում է նա:

Նախկին կառավարության հավանությանն արժանացած ծրագիրն անցած տարեվերջին արդեն կոնկրետ համագործակցության փուլ մտավ։ Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբոր՝ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարները հայտարարեցին, որ ստանձնել են «նոր մոտեցումներով և տեխնոլոգիական լուծումներով հիդրոէլեկտրակայանի կառուցման» պարտավորությունը՝ խոստանալով առաջիկա տարիներին մեկ միլիարդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ 200 միլիոն դոլար նախատեսել հենց «Շնող ՀԷԿ»-ի կառուցման համար։ «Տաշիր» խմբի մեջ մտնող «Էներգո Ինվեստ հոլդինգ» ընկերությունն անգամ խոշոր թունելներ հորատող ամերիկյան ընկերություններից մեկի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, և հայտարարեցին ծրագրի մեկնարկի մասին։ Մինչդեռ «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մեկ այլ անդամ Գոռ Հովվյանն ասում է, թե մեկ ամիս առաջ դիմել են կառավարությանն ու պատասխան ստացել, թե ծրագիրը նոր է մտնում նախապատրաստական փուլ։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մամլո ասուլիսում հայտարարեց, որ Դեբեդի վրա «Շնող ՀԷԿ»-ի կառուցման ծրագիրն ուսումնասիրվելու է և տեղի բնակչության բացասական կարծիքի դեպքում այն չի մեկնարկի։ ՀԷԿ-ի կառուցմանը դեմ ալավերդցիները, մինչդեռ, պնդում են՝ այստեղ երկրորդ կարծիք չկա՝ 2000 ստորագրություն են հավաքել, համոզված են, որ դեռ էլի կան ստորագրելու պատրաստակամություն ունեցող մարդիկ, և ամեն ինչ անելու են ծրագիրը կասեցնելու համար։

Ալավերդու համայնքի ավագանին ևս բացասական եզրակացություն է տվել ծրագրին ու որոշումն ուղարկել կառավարություն։ Նախաձեռնող թիմն օրերս հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, պատգամավորին խնդրել են իրենց մտահոգությունները հասցնել պատկան մարմիններին։ Մարուքյանը խոստացել է հետամուտ լինել հարցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG