Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարվում է մանդատից


Վարդան Բոստանջյան, արխիվ
Վարդան Բոստանջյան, արխիվ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարվում է մանդատից: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր տեղեկացրեց, որ արդեն ստացել է Բոստանջյանի հրաժարականի դիմումը։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի հրաժարականի մասին գրավոր դիմումը խորհրդարանի նախագահը հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում։ Եթե հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունները դադարում են, համապատասխան արձանագրություն է ստորագրում Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ո՞րն է հրաժարականի պատճառը՝ Վարդան Բոստանջյանից այս հարցի պատասխանը ճշտել չհաջողվեց. ողջ օրվա ընթացքում նա այպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ուշագրավ է, որ երեկ Բոստանջյանը «Ֆակտոր» ՀԸ-ին տված հարցազրույցում խոսել էր Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու որոշման մասին, հայտարարելով, որ նախկին նախագահին անազատության մեջ պահելու կարիք չկար, և ինքը իրավունք ունի կարծելու, որ հրահանգ է կատարվել:

«Կարիք չկար կալանավորել, թեկուզ պայմանավորված հենց այն հանգամանքով, որ ինքը գտնվելով հանրապետությունից դուրս, ներկայացավ այն օրը, որ օրը կարող էր ներկայանալ: Բացի այդ էլ նա ելույթ ունեցավ և ասաց՝ որտեղ պետք է փախչի։ Իրավունք ունես մտածելու, որ հրահանգ է կատարվում»,- հարցազրույցում ասել էր Բոստանջյանը։

Բոստանջյանի այս տեսակետը սկզբունքորեն հակասում է խմբակցության մյուս պատգամավորների արտահայտած դիրքորոշմանը։ Ի տարբերություն Քոչարյանի կալանավորման առնչությամբ մտահոգություն հայտնած Հանրապետականի և ՀՅԴ-ի, «Ծառուկյան» խմբակցությունը մինչ այս պահը հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Սակայն, օրինակ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երկրորդ նախագահի կալանավորումից հետո ասել էր, որ տեղի ունեցածը իրավական գործընթաց է, ու չարժե հարցը քաղաքականացնել:

Ըստ մամուլում շրջանառվող վարկածի՝ Բոստանջյանի հրաժարականի պատճառը հենց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններն են եղել։ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն այսօր նույնպես անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։ Փոխարենը, քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշել է, որ Բոստանջյանը հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:

«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները, տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում նրան»,- ասված է Վահե Էնֆիաջյանի հաղորդագրությունում։

Վարդան Բոստանջյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել երկու անգամ՝ 2007 և 2017 թվականներին։ Ներկայումս նա զբաղեցնում է նաև Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG