Մատչելիության հղումներ

«Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Գերմանիայում չի մարում քննադատության ալիքը Թուրքիայի նախագահին Բեռլին հրավիրելու՝ իշխանությունների որոշման շուրջ: Թեև այցի ժամկետներն ու մանրամասները դեռ հստակ չեն, սակայն ընդդիմադիրներն արդեն պնդում են՝ Ռեջեփ Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա:

Սկանդալը սկիզբ առավ անցած շաբաթ, երբ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պաշտոնական հրավեր է ուղարկել թուրք գործընկերոջը, ընդ որում, նախագահական նստավայրի հաղորդմամբ, այցի հստակ ժամկետներ չեն նշվել, և կողմերն առայժմ աշխատում են այդ ուղղությամբ: Չի հստակեցվել նաև հնարավոր այցի բնույթը, այն կարող է լինել և՛ աշխատանքային, և՛ առավել պատկառելի ընդունելություն ենթադրող՝ պաշտոնական, Deutsche Welle-ին ասել են Գերմանիայի նախագահական նստավայրից:

Գերմանական ընդդիմությունը, մինչդեռ, դեմ է ցանկացած ընդունելության: «Էրդողանը այլևս ժողովրդավար պետության նախագահ չէ, նա իր երկիրը վերածել է Թուրքմենստանի կամ Ադրբեջանի նման բռնապետության», - պնդել է ծագումով թուրք, Գերմանիայի Կանաչների պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:

Ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի այլընտրանքը», որը վերջին ընտրություններից հետո երրորդն է Բունդեսթագում, կոչ է արել ընդհանրապես չեղարկել հրավերը: «Գերմանիայի կառավարությունը չպետք է թույլ տա, որ Էրդողանը իր հերթական քարոզչական շոուն կազմակերպի Բեռլինում», - Ֆեյսբուքում գրել է խմբակցության ղեկավար Ալիս Վեյդերը:

Անգելա Մերկելի կառավարությունը չի թաքցնում, որ լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի նախագահի հետ, միաժամանակ, վարչակազմը հայտարարում է՝ Անկարան կարևոր գործընկեր է, որի հետ ամեն դեպքում պետք է բանակցել: «Ինձ համար երբեք համոզիչ չեն եղել պնդումները, թե խնդրահարույց դաշնակիցների հետ ավելի լավ է ընդհանրապես չխոսել», - Buld-ին ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլմար Բրոքն էլ ընդգծել է՝ «եթե մենք ձգտենք բանակցել միայն ժողովրդավար առաջնորդների հետ, Գերմանիան կարող է շուտով մենակ մնալ միջազգային ասպարեզում»:

Փորձագետները փաստում են, որ Թուրքիան առանցքային նշանակություն ունի Եվրոպայի համար հատկապես Մերձավոր Արևելքից եկած փախստականներին ընդունելու հարցում՝ խնդիր, որի լուծումը դարձել է կանցլեր Մերկելի կառավարության լրջագույն մարտահրավերներից մեկը:

Եթե կողմերը համաձայնության գան, սա կլինի Ռեջեփ Էրդողանի առաջին այցը Գերմանիա 2014 թվականից ի վեր, ընդ որում, այս ընթացքում երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել մի շարք լրջագույն խնդիրներ՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Անկարայից հնչող մեղադրանքները, թե Գերմանիայի կառավարությունը աջակցում է ահաբեկիչներին ու Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպած գյուլենականներին:

«Մեզ ոչինչ չի խանգարում քննարկել այս հարցերը դեռ առ դեմ հանդիպման ժամանակ», - երեկ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, վստահեցնելով՝ Էրդողանը չի խուսափի ցավոտ թեմաներից, անգամ եթե Բեռլինում ամենաբարձր ընդունելությանն արժանանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG