Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը դատարան կներկայացվի վաղը


Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այսօր «Ազատությանն» այս մասին հայտնեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:

Փաստաբանն, այդուհանդերձ, չմանրամասնեց, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու վերաբերյալ որոշում կկայացնի:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը երեք օր առաջ կայացրեց Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը: Տասը տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանը չի ընդունում և քաղաքական հալածանք է որակում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տապալել է սահմանադրական կարգը:

Որպես երկրի նախկին ղեկավարի՝ պետությունը պետք է ապահովի Քոչարյանի անվտանգությունը: Քրեակատարողական վարչությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուս բոլոր կալանավորները, այդուհանդերձ չհստակեցնելով, թե, որ քրեակատարողական հիմնարկում է նա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երկու օր առաջ հայտարարեց, որ Օմբուդսմեն Արման Թաթոյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է երկրորդ նախագահին: Վերջինիս կողմից, ըստ ՄԻՊ գրասենյակի՝ քրեակատարողական հիմնարկի, ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել:

Օմբուդսմենի գրասենյակի լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ Ռոբերտ Քոչարյանին այցի ժամանակ քրեակատարողական հիմնարկում արձանագրված հարցերի մի մասը լուծվել են, մնացյալն էլ պետք է քննարկվի:

«Այս փուլում կոնկրետ հարցերի հետ կապված մանրամասներ չենք կարող տրամադրել։ Նմանատիպ դեպքերում՝ ազատությունից զրկման, ինչպես նաև պահման պայմաններում վերաբերմունքի, առողջական վիճակի հետ կապված հարցերը Մարդու իրավունքի պաշտպանի արտահերթ ուշադրության առարկա են։ Օրենսդրությունն ազատազրկման վայրում պաշտոնաթող նախագահների համար արտոնություններ չի նախատեսում»,- «Ազատությանը» փոխանցեց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի աշխատակից Արև Ավագյանը։

2008 թվականի մարտի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG