Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցություն․ Քոչարյանի դեմ գործը խորապես վնասելու է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին


ՀՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ, հայտարարում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը:

Ծանոթանալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին և կալանավորման որոշմանը՝ Հանրապետական խմբակցությունը հայտարարում է, թե «հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին»։

«Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին», - հայտարարում է ՀՀԿ խմբակցությունը:

Խմբակցությունը պնդում է, որ «հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում»:

«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահմանադրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով», - ասված է հայտարարությունում:

Խմբակցությունը հայտարարում է, որ այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ուրբաթ օրը հրապարակած հայտարարությունում պնդել էր, մասնավորապես, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը «թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է»:

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը հուլիսի 27-ի ուշ երեկոյան դատարանը բավարարեց:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG