Մատչելիության հղումներ

Այսօր կհրապարակվի անհետացած «Բոինգ»-ի վերաբերյալ վերջնական զեկույցը


Անհետացած «Բոինգ»-ին վերագրվող բեկորներ, Քեյփթաուն, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, մայիս, 2016թ.

2014 թվականը հիրավի ողբերգական էր Մալայզիայի ավիացիայի համար: Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ-777»-ը հուլիսի 17-ին ոչնչացվել է «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռով, որն, ըստ արևմտյան երկրների պաշտոնյաների և ռազմական փորձագետների մեծ մասի, արձակվել է Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից: Զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները: Մոսկվան և Դոնբասի անջատականները կտրականապես հերքում են մեղադրանքը:

Մինչդեռ, այդ հանցագործությունից 4 ամիս առաջ՝ նույն տարվա մարտի 8-ին, տեղի է ունեցել մի առեղծվածային ողբերգություն, անհետացել է Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավը, որը նույնպես «Բոինգ-777» էր: Այս դեպքում զոհված է համարվում 239 մարդ:

Օդանավի անհետացումից հետո փորձագետների և փրկարարների թիմեր աշխարհի տարբեր երկրներից միացել են որոնողական աշխատանքներին, կիրառվել են այսօրվա դրությամբ հայտնի բոլոր տեխնիկական սարքավորումները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և սուզանավեր:

Ոչ միայն պետական կառույցները, այլև մասնավոր ընկերություններն են հետազոտություններ կատարել: Ժամանակ առ ժամանակ տարածվել են լուրեր ինչ-որ կարևոր հետքեր հայտնաբերելու մասին, բայց հետագայում դրանք հերքվել են:

Այս ընթացքում հաջողվել է հայտնաբերել են «Բոինգ»-ի թևի ընդամենը երեք կտոր: Այդ բեկորները ալիքները հասցրել են Հնդկական օվկիանոսի ափ:

Ocean Infinity ամերիկյան ընկերությունը երեք ամսում Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում հետազոտություններ է կատարել, ստուգել է 112 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ի վերջո, Մալայզիայի իշխանությունը խնդրել է ընկերությանը դադարեցնել որոնումները:

Եվ ահա այսօր Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը հրապարակելու է անհետացած «Բոինգ»-ի հարցով վերջնական զեկույցը: Տրանսպորտի նախարար Էնթոնի Լոքն ասել է, որ զեկույցը կլինի բացարձակ թափանցիկ, հանրությանը կտրվեն բոլոր տեղեկությունները կատարված աշխատանքի մասին:

Դռնփակ նիստում նախարարը և փորձագետները կհանդիպեն աղետի զոհերի ազգականներին և բարեկամներին, իսկ դրանից հետո կգումարվի ասուլիս:

«Քննիչների արձանագրած յուրաքանչյուր փաստ և կարծիք առանց խմբագրման տեղ կգտնի զեկույցում», - ասել է նախարարը:

Զեկույցը նաև կտեղադրվի համացանցում, և միջազգային հանրությունը կտեղեկանա այդ առեղծվածային ողբերգության հանգամանքները պարզելու ապարդյուն փորձերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG