Էկվադորը և Մեծ Բրիտանիան փորձում են լուծել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում քաղաքական ապաստան ստացած WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի խնդիրը:
«Պարոն Ասանժի հարցը քննարկում ենք Բրիտանիայի կառավարության հետ, որքան գիտեմ, արդեն կան շփումներ Ասանժի փաստաբանների հետ, ուստի, մենք կփորձենք ելք գտնել»,- իսպանական El Pais թերթին ասել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:
Նրա խոսքերով, հարցը պետք է այնպես լուծել, որ պահպանվեն Ասանժի հիմնարար իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը, և միաժամանակ կարգավորվի խնդիրը, որը լուրջ բարդություններ է առաջացնում Էկվադորի համար:
47-ամյա ավստրալացին 2012 թվականին է ապաստան ստացել Էկվադորի դեսպանատանը և այդպես խուսափել է արտահանձնումից Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ:
Ասանժի պնդմամբ, ինքը քաղաքական հալածանքի է ենթարկվում, քանի որ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի ռազմական և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր:
Ասանժի կարծիքով, իրեն կարող են Շվեդիայից տեղափոխել Միացյալ Նահանգներ և դատապարտել երկարատև ազատազրկման:
Բրիտանիայի իրավապահներն էլ գործ են հարուցել Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու հոդվածով:
2017 թվականին Էկվադորը Ջուլիան Ասանժին զրկել է արտաքին աշխարհի հետ կապից, քանի որ ավստրալացին խախտել է դեսպանատան տարածքում գտնվելու ժամանակաշրջանում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու խոստումը: