Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն այցելել է կալանավորված նախկին նախագահին


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ պաշտպանն առանձնազրույց է ունեցել Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից, ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամություն է հայտնում լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ուրբաթ ուշ երեկոյան:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG