Մատչելիության հղումներ

Մտավորականները՝ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումների մասին


Կարինե Խոդիկյան, արխիվ
Կարինե Խոդիկյան, արխիվ

Հայաստանյան մտավորականներից քչերն են 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասին խոսել, գերադասել են այս կապակցությամբ կարծիքներ, տեսակետներ չհայտնել։ Սակայն նրանցից մի քանիսը ոչ միայն մշտապես խոսել ու մեղադրել են իշխանություններին՝ այդ օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար, այլև անգամ ստեղծագործություններ գրել՝ ի հիշատակ մարտի 1-ի 10 զոհերի։

Արձակագիր, դրամատուրգ, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն այդ շարքում առաջիններից մեկն էր: Նա այսօր էլ համոզված շեշտում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո՝ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու՝ իրավապահների որոշումը միանգամայն սպասելի էր. «Ես կարծում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մարտին սկիզբ առած, մայիսին հաղթանակին հասած Թավշյա հեղափոխության տրամաբանական ընթացքն էր։ Եվ հեղափոխության ալիք բարձրացնող մարդիկ մի քանի պահանջներ ունեին, որոնցից մեկը նաև «Մարտի 1»-ի բացահայտումն էր։ Սա զուտ մարդկային վրեժխնդրություն չէ, սա ՀՀ քաղաքացու տագնապը և պարտադրանքն է, որպեսզի այլևս երկրի բարձրագույն աթոռին հասած որևէ մեկը մտքով անգամ չանցկացնի, որ կեղծված ընտրաձայներով, մարդկային զոհերով կարող է իշխել, վայելել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կարինե Խոդիկյանը։

Ի պատասխան հարցին՝ ինչպես կմեկնաբանի ՀՀԿ և ՀՅԴ տարածած հայտարարությունները, որոնցում Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդության հետ կապված լուրջ մտահոգություններ են հնչում, Կարինե Խոդիկյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ Հանրապետականը պետք է նման հայտարարություն անի, որովհետև և՛ Քոչարյանը, և՛ բոլոր անձինք, ովքեր հերթով պետք է գան և անցնեն քննչականի դռնով, հանրապետականներ են, բայց թե ինչու Դաշնակցությունն է մտահոգություն հայտնում, ես կուզեի իսկապես հասկանալ, պատասխան չունեմ»։

Տիկինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ևս ամենատարբեր առիթներով անդրադարձել է այս թեմային։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ 10 տարի առաջ 10 զոհերի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն վերից վար բոլոր օղակներում. «Ինչով է առանձնանում 2008 թվականը. առաջին հերթին զոհերով։ Եվ այստեղ յուրաքանչյուրը, ով կապ ունի այդ զոհերի հետ, պետք է իր պատիժը կրի։ Սկսած հրաման տվողից, հրաման փոխանցողից և կատարողից։ Ոչ մեկի արյունը չպետք է անպատիժ մնա, և սա պետք է իմանան բոլորը», - «Ազատությանը» փոխանցեց Ռուբեն Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG