Մատչելիության հղումներ

Փաստաբան. «Թրամփը գիտեր ռուսների հետ հանդիպման մասին»


Փաստաբան Մայքլ Քոհենը և նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Փաստաբան Մայքլ Քոհենը և նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան և երբեմնի նվիրյալ աջակից Մայքլ Քոհենը հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Թրամփը նախապես գիտեր իր օգնականների և Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչների հանդիպման մասին: Ըստ Քոհենի, նա տեղյակ էր նաև, որ ռուսները պատրաստ են այդ հանդիպման ընթացքում տրամադրել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր:

CNN և NBC հեռուստակայանների փոխանցմամբ, Քոհենը պնդում է, թե անձամբ ներկա էր այն քննարկմանը, որի ընթացքում հանրապետական թեկնածու Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերն ասել է, որ ռուսներն առաջարկում են հանդիպել, և ավագ Թրամփը հավանություն է տվել հանդիպմանը:

Քոհենն ասել է, որ պատրաստ է ցուցմունք տալ 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցը քննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանձնաժողովում:

Քոհենի վկայությունները կարող են շատ կարևոր ազդեցություն գործել քննության ընթացքի վրա: Մյուլերի քննիչների թիմի առանցքային նպատակն է պարզել, թե արդյո՞ք 2016-ի նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմի ներկայացուցիչների և ռուս պատվիրակների հանդիպումները դավադրություն էին, որի նպատակն էր նպաստել հանրապետական թեկնածուի հաղթանակին:

Թրամփը, նրա որդին և օգնականները բազմիցս պնդել են, թե նախագահը մինչև 2017 թվականի հուլիսը տեղյակ չէր ռուսների հետ հանդիպումների ու դրանց օրակագի մասին և, իբրև թե, դրանք եղել են ոչինչ չպարտավորեցնող հպանցիկ շփումներ:

Խոսքը ռուսաստանցի ազդեցիկ իրավաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ Դոնալդ Թրամփ-կրտսերի, նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Թրամփի նախընտրական արշավի համակարգող Փոլ Մանաֆորթի հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 9-ին Նյու Յորքում՝ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերի սրահներից մեկում:

Լուրն այդ հանդիպման մասին մեկ տարի առաջ է հայտնի դարձել: Ըստ ամերիկյան աղբյուրների, Վեսելնիցկայան այն ժամանակ հավաստիացրել է, որ ռուսներն ունեն Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր:

Ցուցմունք տալու՝ փաստաբան Մայքլ Քոհենի պատրաստակամությունը չափազանց տհաճ անակնկալ է նախագահ Թրամփի համար: Այսօր նա Թվիթերում տեղադրած զայրացած գրառումներով պնդել է, որ ոչ մի տեղեկություն չի ունեցել իր որդու և ռուս իրավաբանի հանդիպման մասին:

Ինքը Քոհենը կասկածվում է ֆինանսական մեքենայությունների մեջ և, ինչպես Թրամփն է ենթադրում, հիմա փորձում է լեզու գտնել քննիչների հետ: Դոնալդ Թրամփ-կրտսերը Սենատում ասել է, թե հորը պարզապես չի տեղեկացրել Նատալիա Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին:

Վեսելնիցկայան ասել է, որ ամերիկացիների հետ հանդիպումներում խոսել է հարկերից խուսափելու գործով Մոսկվայում հեռակա կարգով դատապարտված Ուիլյամ Բրաուդերի մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ անցյալ տարի հայտարարել է, որ Կրեմլում ընդհանրապես չգիտեն, թե ով է Վեսելնիցկայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG