Մատչելիության հղումներ

Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատները՝ Քոչարյանի հայտարարության մասին


Գոռ Քլոյանի հայրը՝ Սարսգիս Քլոյանը, արխիվ
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարսգիս Քլոյանը, արխիվ

1988 մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները հույս ունեն, որ արյունալի հետընտրական իրադարձություններից տասը տարի անց արդարությունը կվերականգնվի, և կազատազրկվեն բոլոր մեղավորները։

2008-ի մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը երեկ լսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՔԾ ներկայանալուց հետո արած հայտարարությունները, որոնցում վերջինս պնդում է, թե գործը շինծու է, ինքը մեղավոր չէ, և որ տասը զոհերի մահվան հետ ինքը որևէ առնչություն չունի։

«Խի ինքը չի գտնու՞մ, որ ամեն ինչի մեղավորը հենց գերագույն հրամանատարն ա: 10 տարի առաջ եթե ծնողները մեղադրում էին սպանողներին, դիպուկահարներին, հրաման տվողին, թող իրանք դուրս գային ասպարեզ, ապացուցեին, որ իրենք չէին: Ծնողների պահանջն ա, ժողովրդի պահանջն ա, պետք ա դատվի արդարացի բոլոր հանգամանքներով: Բա զենքը ո՞նց հասավ դիպուկահարին, կարող ա՞ Ադրբեջանից բերին»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Արմեն Ֆարմանյանը 33 տարեկան էր, զոհվել է գլխին ստացած հրազենային վիրավորումից: Ֆարմանյանի հայրը տարիներ շարունակ մյուս զոհերի հարազատների հետ միասին պնդում էր, որ իրենց որդիներին սպանել են 2008-ի գործող իշխանությունները: Նա հակադարձում է Քոչարյանի այն պնդմանը, թե բանակը ներգրավված չի եղել մարտի 1-ի, 2-ի իրադարձություններում, երբ բախումների հետևանքով զոհվեց 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն էլ՝ Սարգիս Քլոյանը, «Ազատության» հետ զրույցում հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին․ «Պարոն Քոչարյան, բա որ չգիտեիր, ո՞նց էիր ասում՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա ու թաքնվում են: Էդ ժամանակ քեզ ո՞րտեղից էդ ինֆորմացիան, ո՞նց չգիտեիր, շատ լավ էլ գիտեիր, չես կարող արդարանալ, արդեն ուշ ա»:

Անցած տասը տարիներին տասը զոհերի մահվան մեղավորներին պատժելու պահանջով տարբեր ատյաններ, ընդհուպ Եվրոպական դատարան դիմած հարազատները պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանից բացի, պետք է պատժվեն նաև 2008-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշումներ կայացրած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։

Զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլիա Մինասյանը հակադարձում է Հայաստանի երկրորդ նախագահի հերքմանը, թե չգիտի ովքեր են կրակ բացել։ Հովհաննիսյանի այրին պնդում է՝ ամուսնու և մյուսների ձեռքին զենք չի եղել․ «Զենքը եղել ա հենց իրանց մոտ, իրանք էլ կրակել են անմեղ մասսայի վրա: Հիմա ոնց ա արդարանում, չգիտեմ, ամեն դեպքում՝ ինքն էս ամեն ինչի համար պետք ա պատասխանի»: Լիլիա Մինասյանը կարծում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքը կիմանա, թե ում հրամանով է սպանվել ամուսինը։

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG