Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի դասախոսը դատարանի վճռով վերականգնեց աշխատանքային իրավունքը


Ամիսներ շարունակ աշխատավայրում կոռուպցիոն երևույթների ու չարաշահումների մասին բարձրաձայնած՝ Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը վերականգնեց 4 ամիս առաջ կորցրած աշխատանքի իրավունքը: Այդ առնչությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը դահլիճում գտնվողները ծափերով ընդունեցին: Պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: Համալսարանը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Գագիկ Համբարյանը և բուհի մեկ այլ դասախոս՝ Հովհաննես Խորիկյանը գրեթե մեկ տարի շարունակ խոսում էին համալսարանում տեղի ունեցող չարաշահումների մասին՝ դրանցում մեղադրելով նախկին ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանին և պահանջելով նրա հրաժարականը: Նախկին ռեկտորը, սակայն, հերյուրանք էր որակում այդ մեղադրանքները և պնդում, որ չի պատրաստվում 2 դասախոսի պահանջով հրաժարական տալ: Միայն թավշյա հեղափոխությունից հետո Մինասյանը որոշեց հեռանալ համալսարանից:

Սակայն մթնոլորտը բուհում շարունակում է լարված մնալ, քանի որ դատախազությունը և ՊԵԿ-ը քրեական գործեր են հարուցել այստեղ թույլ տրված հնարավոր չարաշահումների առնչությամբ: Պատրաստվու՞մ է վերադառնալ աշխատանքի՝ հարց ուղղեցի Համբարյանին:

«Անպայման․ ես հինգ տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի աշխատել եմ այդ բուհում, մինչև հիմա որևէ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությունից: Ինձ համար ամենակարևորը ուսանողների հետ հարբերություններն են, երկրորդը՝ ամբիոնի ժողովրդի հետ նորմալ, բարի-դրացիական հարաբերությունները»,- ասաց Գագիկ Համբարյանը: Բուհից հեռացված մյուս դասախոս Հովհաննես Խորիկյանի նույնաբովանդակ հայցի քննությունը կսկսվի օգոստոսի 1-ին: Համբարյանի կարծիքով՝ իր գործով կայացրած վճիռը կարող է նախադեպային համարվել Խորիկյանի գործում:

Բուհի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ևս դատարան է դիմել՝ նախկին պաշտոնը վերականգնելու համար: Նրա հաստիքը լուծարվել է: Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը բուհում այժմ աշխատում է որպես դասախոս: Նշենք նաև, որ Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմն արդեն հաստատվել է, այն առաջիկայում ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG