Մատչելիության հղումներ

Զինակոչիկների ծնողներից խարդախությամբ գումարներ հափշտակելու գործով մեղադրանքներ են առաջադրվել


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել զինվորական ծառայությունից ազատելու կամ ծառայությունը նախընտրելի վայրում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018 թվականների ընթացքում 52-ամյա կինը, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ծառայությունից վաղաժամկետ ազատ արձակելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով, պահանջել և խարդախությամբ հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Քննությամբ բացահայտվել է հինգ դրվագ, նշված բոլոր դեպքերում էլ 52-ամյա կինը որպես կաշառք պահանջված գումարն ստացել է, սակայն այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և խարդախությամբ հափշտակել է, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 52-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 3 անձի մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի («Հանցակցություն կաշառք տալուն») 3-րդ մասի 1-ին կետով, ևս 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 52-ամյա կնոջ կողմից առերևույթ խարդախությամբ գումար հափշտակելու հնարավոր այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG