Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերական ընկերություններում ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խումբն արդեն ձևավորված է


Ամուլսարի հանքավայրը, արխիվ

Վարչապետի հանձնարարականով հանքարդյունաբերական ընկերություններում ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խումբն արդեն ձևավորված է, սակայն դեռ որևէ գործունեություն չի ծավալել:

Խումբը գլխավորող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց՝ կազմի ձևավորման դժվարություններ կային:

Խմբում ներգրավվել են տարբեր նախարարությունների աշխատակիցներ, գիտնականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր՝ խումբն ուսումնասիրությունը սկսելու է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Ամուլսարի հանքից:

Յուրաքանչյուր հանքի փաստաթղթերը, օրենսդրության համապատասխանությունը աշխատանքային խումբը պարտավոր է ստուգել առավելագույնը 12 աշխատանքային օրում:

Արթուր Գրիգորյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Արթուր Գրիգորյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ բացառապես բնապահպանակա՞ն փաստաթղթերն են ուսումնասիրվելու, Գրիգորյանը պատասխանեց․ - «Բացառապես բնապահպանականը՝ չէ: Պետք է լինի նաև համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլն: Չի բացառվում նաև, որ եթե կան գործընթացներ, որոնք կարող են ուղղորդել դեպի կոռուպցիոն ռիսկեր, սա ևս մենք ուսումնասիրելու ենք»:

Աշխատանքային խմբի ձևավորման գլխավոր նպատակը մետաղական հանքերում տիրող իրավիճակի ուսումնասիրությունն է․ պատժիչ գործառույթներ այն չունի, խմբում իրավապահներ ներգրավված չեն․ - «Դա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի կառավարությունը հաջորդիվ գործողություններ իրականացնի՝ միգուցե ավելի խորը վերլուծություն պատվիրել, իրականացնել և այլն, որպեսզի պարզ դառնա իրողությունը: Մի խոսքով՝ մեզ պետք է հիմա կառավարությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում և դա անել հնարավորինս արագ»:

Արթուր Գրիգորյանը չմանրամասնեց, թե երբ է մեկնարկելու ուսումնասիրությունը, սակայն արդեն հստակեցրել են ուշադրության կենտրոնում հայտնված հանքերի ցանկը: Ամուլսարից հետո կմեկնեն Սյունիքի մի քանի մետաղական հանքեր, այնուհետև՝ Թեղուտ:

Լոռու մարզում՝ Թեղուտ գյուղի մոտակայքում, 2001 թ․-ին «Մանես և Վալեքս» ընկերությունը 25 տարով արտոնագիր ստացավ և սկսեց հանքի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։ 2005 թվականից հանքավայրը վերահետախուզեց և վերագնահատեց «Արմինիըն Քափըր Փրոգրամ» ընկերությունը: Եվ չնայած քաղհասարակության դժգոհություններին ու բազմաթիվ ցույցերին՝ մեկնարկեց հանքի շահագործումը: Նախկին իշխանությունները պնդում էին, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն ակտիվացնելու է մարզի տնտեսությունը, իսկ ակտիվիստների բազմաթիվ ահազանգերը, թե ընկերությունն անօրինական ծառահատումներ է իրականացնում, խախտում է բնապահպանական մի շարք նորմեր, մնում էին անարձագանք:

Այս տարեսկզբին «Վալեքս» ընկերությունը դադարեցրեց հանքի շահագործումը, 1200 աշխատակիցների մեծ մասին ազատեց աշխատանքից: Հիմնավորումն է՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կարիք է առաջացել: Կոնկրետ ինչի մասին է խոսքը, ընկերությունը չէր հստակեցրել: Մինչդեռ, բնապահպանների պնդմամբ, խնդիրը պոչամբարի պատվարի վնասվածքն է:

Ընկերությունը, ըստ կազմակերպիչների, հրաժարվել էր մասնակցել այսօրվա քննարկմանը: Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է՝ «Վալեքսը» խոստանում է, բնապահպանական նորմերը պահպանելով, վերսկսել աշխատանքները, սակայն Զարաֆյանի կարծիքով դրանում որևէ երաշխիք չկա․ - «Այդ երաշխիքները պետք է մեզ համար ապահովի կառավարությունը, կառավարությունը պետք է այնպիսի պայմաններ դնի ընկերության առաջ, որ ընկերությունը իրոք սկզբից բոլոր պատճառած վնասները վերականգնի և հետո նոր պետք է խոսեն ինչ պայմաններով նա կարող է շարունակել իր աշխատանքները»:

Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանում շահագործվում է մոտ 400 հանք, երկու տասնյակից ավելին մետաղական հանքեր են:

Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց՝ թեև խումբը ժամանակավոր է, սակայն գործելու է մինչև ուսումնասիրվեն բոլոր խնդրահարույց հանքերը:

XS
SM
MD
LG