Մատչելիության հղումներ

Հայաստանը մեխանիկորեն դարձել է չհամապատասխանող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին․ Միրզոյան


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, արխիվ

Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Հայաստանը խնդիր ունի ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին դիմելու առնչությամբ, քանի որ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխելով միջինից բարձր եկամտային խումբ:

«Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրի չափանիշներով կարող են հնարավոր գործընկեր համարվել էն պետությունները, որոնք բավարարում են մի շարք չափանիշների, այդ թվում և՝ չեն հասել բարձր միջինին: Հիմա Համաշխարհային բանկը էդ մի չափանիշով փոխել է Հայաստանի ռեյտինգը, կարգը, դասակարգումը, և դրանով Հայաստանը մեխանիկորեն դարձել է չհամապատասխանող այս ծրագրին, ինչը, ի դեպ, զարմանք է առաջացրել նաև բուն հենց «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը:

Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը դադարեցվել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած մարտի 1-2-ի արյունալի իրադարձություններից հետո: Թավշյա հեղափոխությունից հետո նոր հնարավորություն էր ստեղծվել Հայաստանի համար՝ դիմելու ֆինանսական աջակցության այդ ծրագրին: Այժմ էլ, սակայն, նոր խոչընդոտ է ի հայտ եկել՝ 2017-ին գրանցված տնտեսական աճը:

Առաջին փոխվարչապետ Միրզոյանը, այդուհանդերձ, փոխանցեց, որ ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել են նաև Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցության հնարավոր այլ տարբերակներ․ - «Իհարկե, մենք առաջարկեցինք մտածել մի նոր մեխանիզմ: Եթե այլևս չենք կարող բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ»-ի չափանիշներին, ապա անպայմանորեն, ես կարծում եմ, հնարավոր է մտածել մի նոր մեխանիզմ, որով ԱՄՆ-ը իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի ժողովրդավարությանը»:

Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի խոսքով, քաղաքական կամքի դեպքում ԱՄՆ կառավարությունը կգտնի նոր խողովակներ՝ ավելացնելու Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը:

«Կան այլ մեխանիզմներ, օրինակ՝ Ամերիկայի կառավարությունը այստեղ ևս զարգացման ծրագրեր է իրականացնում, և կարող են այդ զարգացման ծրագրերի պորտֆելները մեծանալ, և, ինչու չէ, նաև էս առումով ևս փորձել Հայաստանին իրապես էդ տրամադրվող ֆինանսական աջակցությունը իրականացնել նաև այդ խողովակներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների գծով փորձագետ Սուրեն Սարգսյանը, մինչդեռ, նկատում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգները կրճատում է այլ պետություններին ուղղվող արտաքին աջակցությունը: Հետևաբար՝ փորձագետը հավանական չի համարում, որ գոնե առաջիկա մեկ տարում Միացյալ Նահանգներն ավելացնի Հայաստանին ուղղվող ֆինանսական աջակցությունը:

«Հավանական չեմ համարում՝ գոնե այս փուլում, գոնե Թրամփի վարչակազմի օրոք, որովհետև Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները մի փոքր այլ են, բայց նաև չեմ բացառում, որ մոտակա ընտրությունների ժամանակ, գիտեք՝ Միացյալ Նահանգներում նոյեմբերին այսպես կոչված միդթըրմ [միջանկյալ] ընտրություններն են լինելու, և չի բացառվում, որ Կոնգրեսում դեմոկրատները ավելի մեծ դերակատարություն սկսեն ունենալ, և գիտեք՝ հայկական լոբբիստները շատ ավելի ակտիվ աշխատում են Կոնգրեսում, քան՝ վարչակազմի հետ․ սա նշանակում է, որ Կոնգրեսի միջոցով, Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջոցով կարողանում են ազդեցություն ունենալ նաև վարչակազմի վրա ինչ-ինչ քաղաքական որոշումներ կայացնելու համար: Դրա համար այս ուղղությամբ, կարծում եմ, մենք ինչ-որ բաներ կկարողանանք անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG