Ամերիկյան դեմոկրատները հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին գրեթե երկու տարի շարունակ մեղադրում են 2016 թվականի ընտրություններում ռուսների միջամտությամբ հաղթելու համար:
Ամերիկյան հետախուզական մարմինների համոզմամբ՝ ռուսներն իսկապես միջամտել են ընտրություններին: Հատուկ դատախազի կարգավիճակ ստացած՝ Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի թիմը հետաքննում է 2016 թվականի ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հանգամանքները:
Ինքը՝ նախագահը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, պնդելով, որ արդար պայքարում է հաղթել նախկին պետքարտուղար, դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Աշնանը Միացյալ Նահանգներում կայանալիք «միջանկյալ» ընտրություններով քաղաքացիներն ընտրելու են Ներկայացուցիչների տան ողջ կազմը և Սենատի մեկ երրորդը: «Միջանկյալ» են անվանում Կոնգրեսի այն ընտրությունները, որոնք տեղի են ունենում ԱՄՆ նախագահների քառամյա պաշտոնավարման ժամկետի երկրորդ տարվա ավարտին:
Դեմոկրատները և հանրապետականների մի մասը ենթադրում է, որ Մոսկվան տարատեսակ միջոցներով փորձում է ազդել նաև «միջանկյալ» ընտրությունների վրա: Եվ ահա իր պարագայում ռուսների գործոնը մերժող Թրամփն առաջ է քաշում վարկած, ըստ որի, ռուսներն այս անգամ գուցե կփորձեն սատարել դեմոկրատներին:
«Ինձ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ Մոսկվան լուրջ կռիվ կտա գալիք ընտրություններում ազդեցություն գործելու համար, և քանի որ ոչ մի նախագահ իմ համեմատությամբ այդչափ կոշտ չի եղել ռուսների հանդեպ, նրանք կփորձեն աջակցել դեմոկրատներին, նրանք չեն ուզում Թրամփին»,- երեկ «Թվիթերի» իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Reuters-ը նշում է, որ Թրամփը ռուսների կողմից մրցակից կուսակցությանն օգնելու որևէ վկայություն կամ հիմնավորում չի ներկայացրել: Մինչդեռ, ամերիկյան հետախուզության վերլուծաբանների համոզմամբ, Կրեմլը միջամտում է ընտրական գործընթացներին և այժմ թիրախ է դարձնում նոյեմբերի 6-ին կայանալիք քվեարկությունը:
ԱՄՆ Կոնգրեսում ուժերի հետաքրքիր դասավորություն է՝ Դեմոկրատական կուսակցությանն ընդամենը 2 քվե է պետք Սենատում և 23 տեղ Ներկայացուցիչների տանը՝ մեծամասնություն ապահովելու համար:
Եթե դեմոկրատները կարողանան հսկողության տակ առնել Կոնգրեսի երկու պալատները՝ նրանք կստանան նախագահի քաղաքական նախաձեռնություններն արգելափակելու և, ինչը թերևս ավելի կարևոր է՝ Թրամփի վարչակազմի գործողությունների, այդ թվում 2016-ի ընտրությունների հարցով կոնգրեսական հետաքննություն սկսելու հնարավորություն: Նման հեռանկարն իրոք մտահոգում է ներկայիս նախագահին:
Հուլիսի 16-ին Հելսինկիում ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսից հետո Թրամփը հայրենիքում կոշտ քննադատության է ենթարկվել՝ Կրեմլի ղեկավարի հետ շատ հարցերում գրեթե նույն դիրքերից հանդես գալու համար: Կարճ ժամանակ անց Թրամփը նույնիսկ փորձել է լեզվի սայթաքումով արդարացնել իր մեկնաբանությունը ռուսների միջամտության մասին հետախուզական կառույցների գնահատականի վերաբերյալ:
Ֆինլանդիայի մայրաքաղաքում նա ասել էր. «Հիմքեր չունեմ հավատալու, որ ռուսները միջամտել են»: Վերադառնալով Վաշինգտոն, նա ասել է, թե իր խոսքում ընդամենը մի տառ է սպրդել: «Նկատի ունեի, որ հիմքեր չունեմ չհավատալու»,- ասել է նախագահը:
«Թրամփը վստահում է ամերիկյան հետախուզությանը, մենք գիտենք, որ ռուսներն ունեն միջամտելու կարողություն և մտադրություն, մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է ներքին անվտանգության քարտուղար Քերստին Նիլսենը Fox News հեռուստակայանի թղթակցին և հավելել, որ ռուսների նպատակն է՝ պառակտում առաջացնել Ամերիկայում:
Բարձրաստիճան հանրապետականներն էլ Մոսկվայի նկատմամբ կոշտ են տրամադրված: Սենատում հանրապետականների մեծանասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելի փոխանցմամբ, եթե Պուտինը Թրամփի հրավերով աշնանն այցելի Միացյալ Նահանգներ՝ Կոնգրեսում ելույթով հանդես գալու պատվին չի արժանանա:
«Նրան այստեղ չեն ողջունում, կարծում եմ, բոլորս գիտենք, որ ռուսները միջամտել են անցած ընտրություններին, հիմա հարցը հետևյալն է՝ արդյո՞ք նրանք այս անգամ էլ են դա անելու, խորհուրդ կտամ դա չանել»,- ասել է Միթչ ՄքՔոնելը: