Մատչելիության հղումներ

Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է հոբելյանական 55-ամյակին


Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հաջորդ տարի կնշի հիմնադրման 55-րդ հոբելյանական տարեդարձը, որին թանգարանի աշխատակիցներն արդեն այս տարվանից են նախապատրաստվում: Այսօր մեր զրույցի ընթացքում թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը շեշտում էր՝ թանգարանի հիմնադրման հոբելյանն ամենատարբեր ձեռնարկներով կնշվի, բայց ամենակարևորը՝ այն կնշանավորվի Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր, շատ ուշագրավ հրատարակություններով:

Թանգարանի հրատարակչական բաժինն, ի թիվս այլ գրքերի, այս կապակցությամբ պատրաստվում է ընթերցողին ներկայացնել մեծ պոետի՝ Արևելքին նվիրված ստեղծագործությունների առանձին ժողովածուն: «Համապարփակ գիրք է, «Տաղարանը» կա դրա մեջ, Դիստիքոսները կան․․․ ուզում ենք դա նաև թարգմանել տալ անգլերեն»,- ասաց Անահիտ Ասատրյանը:

Ինչ վերաբերում է ամառային այս շոգ օրերին թանգարան այցելություններին, ապա տնօրենի խոսքով՝ ամեն տարի ամռանը նվազում է տեղացի այցելուների թիվը, բայց փոխարենն այս շրջանում ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում թանգարան․ «Այդ իմաստով մենք չունենք խնդիր, խնդիրներ կան ընդհանրապես թանգարանի պահպանության հետ կապված, դրանք լուրջ ֆինանսական հոսքեր են պահանջում: Ուրախ կլինեմ, եթե թանգարանը վերանորոգվի»:

Չարենցի տուն-թանգարանը հիմնադրման օրից մեր մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային օջախներից մեկն է: Այստեղ պարբերաբար ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, համերգներ, ասմունքի երեկոներ են կազմակերպվում: Թանգարանի մշտական ցուցադրությանը զուգահեռ՝ ապահովվում է նաև այցելուների հոսքը դեպի Չարենցի հյուրընկալ տուն, որի դռները ժամանակին մշտապես բաց են եղել նրա հայրենակիցների առաջ մինչև 1935 թվականը, երբ Չարենցն արդեն մեկուսացված էր, հեռացվել էր աշխատանքից ու Գրողների միությունից, սկսվել էին նրա հանդեպ հալածանքներն ու շատ քչերն էին համարձակվում այցելել բանաստեղծին:

Բարեբախտաբար, հիմա ժամանակները փոխվել են: Տնօրեն Անահիտ Ասատրյանը մի նոր մտահղացում ունի՝ կապված թանգարանի գործունեության հետ․ ցանկանում է թանգարանում բացել պոեզիայի գիտահետազոտական կենտրոն: «Ես ուզում եմ, որ պոեզիան Հայաստանում արժևորվի այնպես, ինչպես հարկն է, որովհետև մենք պոեզիա կրող ժողովուրդ ենք և այսօր էլ ունենք հրաշալի պոետներ»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Ասատրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG