Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել է դրանց մեխանիզմը։
«Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ և սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016 թվականների ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերևույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, ընկերության տնօրինությունը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպել 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները:
Դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն, պետությանը պատճառված վնասը գնահատվել է 15 միլիոն 267 հազար 217 դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները:
Ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը») 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6․7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։