Մատչելիության հղումներ

Ինքնասպան է եղել «Ֆեմենի» ակտիվիստներից մեկը


Օքսանա Շաչկո, արխիվ
Օքսանա Շաչկո, արխիվ

«Ֆեմեն» շարժման ակտիվիստ Օքսանա Շաչկոն Փարիզում ինքնասպան է եղել: Ուկրաինացի ակտիվիստը վերջին տարիներին բնակվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են շարժման հիմնադիրներ Ալեքսանդրա Շևչենկոն և Աննա Գուցոլը:

Շևչենկոն BBC-ի հետ զրույցում նշել է, որ Շաչկոյին մահացած են գտել երեկ՝ վերջինիս փարիզյան բնակարանում: Վերջին անգամ նրան տեսել են ուրբաթ երեկոյան: Շևչենկոն նաև հայտնել է, որ Շաչկոն հաղորդագրություն է թողել, որում գրված է եղել․ «Դուք բոլորդ կեղծ եք»:

31-ամյա ակտիվիստի ընկերուհիները պատմել են նաև, որ վերջին տարիներին Շաչկոն հիմնականում զբաղվում էր գեղանկարչությամբ, նկարում էր հակակրոնական թեմաներով, անգամ հաջողում էր իր աշխատանքները ցուցադրել Փարիզում, նաև Ֆրանսիայից դուրս:

«Ֆեմեն» շարժումը, որին ստեղծման օրվանից անդամակցել է Օքսանա Շաչկոն, հայտնի է խտրականության, սեռական շահագործման, խոսքի ազատության սահմանափակումների դեմ բողոքի յուրօրինակ ակցիաներով: Դրա մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդ կանայք են, աշխարհի տարբեր անկյուններում ակցիայի ժամանակ բացում են իրենց կրծքերը՝ փորձելով այդ կեպ ուշադրություն գրավել: «Ֆեմենի» ակցիաները համարվում են ծայրահեղ Էքսգիբիցիոնիզմի դրսևորումներ, ինչն, ի դեպ, օրենքով արգելված է Ֆրանսիայում․ այդ երկրում հիշյալ նախաձեռնության մի քանի անդամներին առնչվող դատական գործեր կան:

2013 թվականին Շաչկոն մասնակցել է Իտալիայի ընտրատեղամասերից մեկում իրականացված ակցիային՝ փորձելով հարձակվել Սիլվիո Բեռլուսկոնիի վրա: Մինչ այդ` 2012 թվականին, նա արտաքսվել էր Ռուսաստանից՝ ընտրատեղամասում նախագահական ընտրությունների ժամանակ իրականացրած բողոքի ակցիայից հետ: Հենց նա էր կիսամերկ վիճակում փորձում տանել այն քվեատուփը, որտեղ իր քվեաթերթիկն էր նետել Վլադիմիր Պուտինը: Այդ ակցիայի պատճառով Շաչկոն ստիպված է եղել երկու շաբաթ ճաղերի հետևում անցկացնել:

2011 թվականին «Ֆեմեն» շարժման անդամները, այդ թվում, Շաչկոն, հայտարարել են, որ իրենց առևանգել են մի խումբ անհայտ անձինք այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Մինսկում բողոքի ակցիա են կազմակերպել: Կանայք պատմել են, որ իրենց զենքով սպառնացել են, կտրել մազերը, կանաչ հեղուկ լցրել իրենց վրա, ինչից հետո խլել են փաստաթղթերը, տեղափոխել անտառ, որտեղ մահվան սպառնալիքների տակ ստիպել են մերկանալ: Հետո ազատ են արձակել, սակայն իրենք ստիպված են եղել ինքնուրույն գտնել անտառից դուրս տանող ճանապարհը:

Վերջին ակցիաներից մեկի ժամանակ «Ֆեմենի» անդամները փորձել են խանգարել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մասնակցությանը Վիեննայի ամենամյա պարահանդեսին: Իսկ անցած մարտին էլ, հենց «Ֆեմեն» շարժման ակտիվիստներն էին կրկին հայտնվել Իտալիայի ընտրատեղամասերից մեկում՝ փորձելով թույլ չտալ քվեարկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG