Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ քաղաքականություն վերադառնալուց հետո կշփվի լրագրողների հետ


Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Վրաստանի քաղաքական դաշտում առկա գլխավոր ինտրիգը իշխող «Վրացական երազանք» կուսակցության մասնակցության ձևաչափն է: Արդյո՞ք գարնանը քաղաքականություն վերադարձած Բիձինա Իվանիշվիլին կառաջադրվի, թե ոչ: Այս հարցի միանշանակ պատասխանն առայժմ չունեն անգամ իշխող կուսակցության ղեկավար անդամները:

«Իմ տեղեկություններով Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին: Դա նրա մոտեցումն է և մենք այն հաշվի ենք առնում», - երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում նշում էր «Վրացական երազանքի» այսպես կոչված երիտասարդական թիմի ոչ ֆորմալ առաջնորդը` խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հավելելով, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցի շուրջ ներքին քննարկումները շարունակվելու են մինչև այս ամսվա վերջ:

«Վրացական երազանքի» մեկ այլ ազդեցիկ անդամ` պատգամավոր Էկա Բեսելիան, հանրությանը փոքր ինչ այլ ազդակ փոխանցեց` ոչ միայն սկզբունքորեն չբացառելով Վրաստանի ամենահարուստ գործարարի առաջադրման հնարավորությունը, այլև հստակ ընդգծելով․ - «Եթե Իվանիշվիլին առաջադրվի` ես միանշանակորեն կաջակցեմ նրան»:

Առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող իր կանխատեսումներում թերևս ամենազգուշավորը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է:

«Միանշանակ է, որ «Վրացական երազանքը» հոկտեմբերին կայանալիք ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով: Մամուլում և սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ մենք պատրաստվում ենք աջակցել նախկին արտգործնախարար Սալոմե Զարուբաշվիլիի թեկնածությունը: Պետք է, սակայն, հստակ հասկանալ, որ Զուրաբիշվիլին մեր կուսակցության անդամ չէ», - նշում էր Կալաձեն` հավելելով․ - «Մենք կուսակցության շարքերում բազմաթիվ հետաքրքիր և արժեքավոր, հանրության աջակցությունը վայելող թեկնածուներ ունենք, ովքեր ի վիճակի են հաղթանակ արձանագրել ընտրությունների առաջին իսկ փուլում»:

Շրջանառվող լուրերի համաձայն հավանական թեկնածուներից մեկը կարող է դառնալ Վրաստանի ենթակառույցների նախարար Մայա Ցկիտիշվիլին: 44-ամյա Ցկիտիշվիլին երկար տարիներ աշխատել է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկում, իսկ նրա վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո տեղափոխվել է կառավարություն` ստանձնելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ցկիտիշվիլիի հնարավոր առաջադրման մասին երեկ խոսում էր խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Ընդդիմության ներկայացուցիչները չեն բացառում, որ տարբեր անուններ շրջանառության մեջ դնելով Իվանիշվիլիի կուսակցությունը փորձում է յուրատեսակ ծխածածկույթ ստեղծել` վերջում անսպասելի մի որոշում կայացնելու նպատակով:

«Ի վերջո՝ «Վրացական երազանքը» կայացնելու է այն որոշումը, որը ձեռնտու է լինելու անձամբ Բիձինա Իվանիշվիլին», - նշում է «Նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն: Այս գործիչն, ի դեպ, մի քանի օր առաջ ստանձնեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակցիներին միավորող «Ազգային միացյալ շարժման» կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները:

«Ազատ Վրաստան» կուսակցության ղեկավար Կախա Կուկավայի խոսքով էլ «Վրացական երազանքը» նախագահի թեկնածուի առաջադրման հարցը կլուծի միայն հանրային կարծիքը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելուց հետո:

«Իմ տեղեկություններով իշխող քաղաքական թիմը այժմ ներքին հարցումների շարք է նախաձեռնել, որից հետո էլ հանրությանը կհայտնի թե ում է առաջադրելու նախագահի պաշտոնում: Ես նաև տեղեկություններ ունեմ, որ «Վրացական երազանքը» այլ թեկնածությունների շարքում քննարկում է նաև Բիձինա Իվանիշվիլիի առաջադրման հարցը», -նշում էր Կուկավան:

Չի բացառվում, ի դեպ, որ Բիձինա Իվանիշվիլիի նախագահական ընտրություններից մասնակցության շուրջ անորոշությունը վերանա արդեն մի քանի ժամից: Այսօր ուշ երեկոյան «Վրացական երազանքի» առաջնորդը կհյուրընկալվի Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում: Դա Իվանիշվիլիի առաջին շփումն է լինելու լրատվամիջոցների հետ քաղաքական դաշտ վերադառնալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG