Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն ցանկացած պահի կաթվածահար կանի հակառակորդի տնտեսությունը․ Ղարաբաղի պաշտպանության նախարար


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն ՄՆացականյան, Ստեփանակերտ, 24-ը հուլիսի, 2018 թ․

Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զինված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը: Այսօր այս մասին Ստեփանակերտում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվածում․․․ իհարկե՝ դա ընդհանուր առմամբ մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների․․․ այնպիսի օբյեկտների [որոնց հարվածելը], որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժեը ապահովվեն համապատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում) միանշանակ որոշում ընդունելու ենք և վարկյան անգամ չենք երկմտելու՝ հարվածելու հարցում»,- այսօր ասաց ԼՂ պաշտպանության նախարարը:

Հայաստանյան տասնյակ լրատվամիջոցների համար ասուլիս հրավիրած Լևոն Մնացականյանն այսօր նաև հայտարարեց՝ ԼՂ պաշտպանության բանակն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի կողմից նոր սպառազինության ձեռքբերմանը: Պնդեց՝ վերջին շրջանում հակառակորդի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգերն ու չեխական զինատեսակները հայկական զինված ուժերի կողմից հեշտությամբ կարող են չեզոքացվել: Ըստ Մնացականյանի՝ վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել․ թարմացվել է ավտոպարկը, հրետանին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայված դիրքերը:

«Բոլորն էլ օպերատիվ-մարտավարական հրթիռներ են [Ադրբեջանի ձեռք բերածը], բացառությամբ՝ «Դանա» համակարգի, հեռահարությունը՝ մինչև 300 կիլոմետր: Նույնատիպ զենք ունի նաև մեր ԶՈւ-ն, և խոցելու հնարավորությունները ևս նույնպիսին են, ինչպիսին Ադրբեջանի ձեռք բերած վերջին սպառազինությանն է: Մենք ոչ միայն ունենք նույն հնարավորությունները, այլ ի վիճակի ենք նաև ուղղորդելու, ճշգրտելու կրակը»,- պարզաբանեց Մնացականյանը:

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական ավտոմեքենաներին, ԼՂ պաշտպանության նախարարը հայտարարեց՝ դրանք երբևէ ԼՂ պաշտպանության բանակինը չեն եղել: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն անցյալ ամիս յուրացման և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեղադրանքով կալանավորված գեներալի առանձնատանը նաև «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներ էր հայտնաբերել, հայտարարելով, որ դրանք 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ նվիրաբերվել էին պաշտպանության բանակին:

Լևոն Մնացականյանի խոսքով՝ Պաշտպանության բանակը երբեք մեքենա չի տրամադրել կալանավորված գեներալին: Ըստ Մնացականյանի՝ դրանք նվիրաբերվել են հենց Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկապահ կամավորական միությանը: «Չգիտեմ՝ որտեղից է ձեզ մոտ էդ վստահությունը, որ ՊԲ-ին հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ: Ընդհանրապես նման բան չկա, ես դա ամենայն պատասխանատվությամբ նշում եմ »,- հավաստիացրեց Լևոն Մնացականյանը:

Ամփոփելով կիսամյակը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ հրամանատարական ու շարքային կազմի հետ տարվող աշխատանքների արդյունքում էականորեն նվազել է ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով արձանագրվող զոհերի թիվը: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կիսով չափ նվազել է նաև հակառակորդի կրակից զոհվածների թիվը:

Ի տարբերություն նախիջևանյան հատվածի, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի էական կուտակումներ չկան, կրակոցները նույնպես նվազել են: Սահմանում տիրող հարաբերական լռությունը, սակայն, ըստ Մնացականյանի ինչ-որ բան նշանակում է:

Լրագրողներին հետաքրքրող հաջորդ հարցը Հայաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի որդիներին էր վերաբերում․ երկուսն էլ վերջերս ինքնակամ զինվորական ծառայության են անցել Լեռնային Ղարաբաղում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ զորամասերը, որտեղ նարնք ծառայում են, գաղտնի են պահվում: ՊԲ հրամանատարը, սակայն, վստահեցրեց՝ նրանք ծառայում են ինչպես բոլորը և կլինեն նաև առաջնագծում:

ԼՂ պաշտպանության նախարարը բարձր է գնահատում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայությունը: Ըստ նրա, ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում պաշտոնյաների զավակները ծառայությունից չեն խուսափել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG