Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ «Չեմ բացառում, որ գեներալ Գասպարյանը կոռուպցիոն սխեմաների մաս է կազմել»


Դանիել Իոաննիսյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Դանիել Իոաննիսյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունում ոչ թե կասկածներ, այլ վստահություն կար ոստիկանական համակարգում կոռուպցիոն դրսևորումների առկայության մասին: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 43 միլիոն դրամի յուրացում կատարելու փաստով:

«Դուք էլ ձեր կազմակերպության միջոցով տարիներ շարունակ դիտարկումներ և ուսումնասիրություններ էիք անում, կայի՞ն կասկածներ, որ նաև ոստիկանական համակարգում նման դրսևորումներ կան», - «Ազատության» այս հարցին Իոաննիսյանը արձագանքեց․ - «Ես կասեի, որ կային ոչ թե կասկածներ, այլ կար վստահություն: Այսինքն՝ մենք չէինք տիրապետում բավարար ինֆորմացիայի, որպեսզի ճշգրիտ մատնացույց անեինք, թե որտեղ, ինչ, որքան, բայց այն, որ համակարգը ինքնին այդպիսին էր և այդպիսի դրսևորումներ խրախուսող համակարգ էր, դա մեր համար ակնհայտ էր, և այդ մասին մենք բարձրաձայնում էինք»:

«Հիմնականում դրսևորումները մի քանի բնույթի էին, եթե մենք խոսում ենք կոռուպցիայի ֆինանսական բաղադրիչի մասին և ոչ թե, օրինակ, ընտրական կոռուպցիայի մասին: Դրանք հետևյալն էին՝ դրանք աշխատավարձի, հավելավճարների հետ կապված կոռուպցիան էր, դա գնումների, տենդերների հետ կապված կոռուպցիան էր և դա աճուրդների հետ կապված կոռուպցիան էր՝ գույքի օտարման հետ կապված կոռուպցիան էր», - շարունակեց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի ղեկավարը:

Նա նշեց, որ ոստիկանության համակարգը բավական մեծ համակարգ է, «այսինքն՝ իրենց թե՛ գնումները և թե՛ օտարումները և թե՛ աշխատավարձերն ու հոնորարները բավականին շատ են, ծախսերի մի մասը հրապարակային չէին և գաղտնի էին պահվում, և այս առումով է՛լ ավելի էր դժվարացնում ոստիկանության վերահսկողությունը՝ քաղաքացիական վերահսկողությունը»:

Բացահայտումները վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ Հայաստանի ոստիկանության պետը Վլադիմիր Գասպարյանն էր: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ էր Գասպարյանը ևս ներգրավված լինել, կամ իր իմացությամբ կատարվեին այդ յուրացումները, Իոաննիսյանը արձագանքեց․ - «Ես չեմ բացառում, որ գեներալ Գասպարյանը տեղյակ է եղել բազմաթիվ յուրացումներից, ես նաև չեմ բացառում, որ ինքը այդ կոռուպցիոն սխեմաների մաս է կազմել և այդ կոռուպցիոն սխեմաներից շահ է ունեցել»:

«Հայաստանում կոռուպցիան բավականին կենտրոնացված է եղել, Հայաստանում մանր կոռուպցիան շատ քիչ է եղել, Հայաստանում եղել է հիմնականում կենտրոնացված կոռուպցիա, և բոլորը իրենց վերադասներին վճարում էին, և այդ վերադասներով վճարումները հասնում էին մինչև ամենավերևներ: Դա էր մեր պատկերացումը այն ժամանակ ու դա է հիմա», - շեշտեց հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչը:

Հարցին էլ՝ բացի աշխատավարձի մասով հավելագրումներից կայի՞ն յուրացման այլ ոլորտներ ևս, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ - «Բազմաթիվ: Օրինակ, մենք օրերս հրապարակեցինք, որ 16 թվականին, երբ մեծ աղմուկով կառավարությունը կրճատում էր իր ավտոպարկը, մեքենաները, որոնք վաճառվել են, վաճառվել են ինչ-որ ծիծաղելի գներով, որոնք որևիցե աղերս չունեին այդ մեքենաների շուկայական արժեքի հետ: Բավականին մեծ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում մեքենաների վերանորոգման ծախսերը, երբ միևնույն մեքենան գրեթե ամեն տարի շարժիչի և փոխանցման տուփի վերանորոգում էր անցնում, դա խիստ կասկածահարույց էր: Այդուհանդերձ, մենք չենք տիրապետում փաստերի, որ այստեղ կոռուպցիա կա, բայց խիստ կասկածահարույց էր և ներքին համոզմունքի համար իրականում բավարար էր, որ պնդեինք, որ կոռուպցիա կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG