Մատչելիության հղումներ

Իտալական քաղաքում բողոքում են Տրանս-Ադրիատիկ գազամուղի կառուցման դեմ


Տրանս-Անատոլիական և Տրանս-Ադրիատիկ գազամուղների քարտեզը, արխիվ
Տրանս-Անատոլիական և Տրանս-Ադրիատիկ գազամուղների քարտեզը, արխիվ

Իտալական Մելանդունիո քաղաքի իշխանությունները հավաստիացնում են, որ ադրբեջանական գազը Իտալիա հասցնող Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը կդադարեցվի:

Քաղաքապետ Մարկո Պոտին այս մասին հայտարարել է քաղաքում հերթական բողոքի ակցիայից հետո, որի մասնակիցները տարիներ շարունակ իշխանություններից պահանջում են դադարեցնել նահանգով անցնող խողովակաշարի կառուցումը՝ պնդելով, որ այն անդառնալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Երկրի հարավային այդ շրջանների բնակիչների և իշխանությունների խոսքերով՝ Իտալիան ոչ միայն այդ գազատարի կարիքը չի գզում, այլ նաև ունի սեփական գազային պաշարները:

Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը պետք է հասցվի Եվրոպա՝ մասնավորապես մի շարք իտալական բնակավայրեր: Այս գազամուղը, որը նախատեսված է շահագործման հանձնել 2020 թվականին, շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին: Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով պետք է հասնի Իտալիա: Այս ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, կոչվում է Հարավային միջանցք:

Մելանդունիոյի քաղաքապետը հիշեցրել է, որ տասնյակ դատական հայցերի պատճառ դարձած նախագծին դեմ քաղաքական ուժերից մեկը՝ «Հինգ աստղ» կուսակցությունը այժմ արդեն Իտալիայի կառավարության մաս է կազմում: Հենց այս քաղաքական ուժն է 2014 թվականից սկսած տարիներ շարունակ գլխավորել գազատարի կառուցման դեմ բողոքի ակցիաները: «Հինգ աստղ»-ը նույնիսկ կոչ էր անում Իտալիայում ռուսական գազից կախվածությունը նվազեցնող այդ նախագծի շինարարության հարցով հանրաքվե անցկացնել երկրում: Վաշինգտոնը պնդում է, որ ազգայնական քաղաքական այդ ուժը ոչ միայն սերտ կապեր ունի Կրեմլի հետ, այլ նաև ֆինանսավորվում է Ռուսաստանից:

Reuters լրատվական գործակալությունը անցած ամիս գրել էր, թե 4․5 միլիարդ եվրո գնահատվող Տրանս-Ադրիատիկ գազամուղի կառուցման նախագծի վերանայման շուրջ իտալական կառավարությունում քննարկումներ են սկսել: Աղբյուրը մեջբերում է շրջակա միջավայրի նախարարի խոսքերը. նա «անիմաստ և Իտալիայի համար ոչ-պետքական» էր անվանել այդ նախագիծը, որը, ի դեպ, ըստ շինարարության պատասխանատուների, ավելի քան 70 տոկոսով պատրաստ է: Խնդրահարույց է մնում թերևս միայն գազամուղի իտալական հատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG