Մատչելիության հղումներ

Սենատորները առաջարկում են նոր հակառուսական պատժամիջոցներ


Ֆինլանդիա - Բողոքի ակցիա Պուտին-Թրամփ հանդիպման օրը, Հելսինկի, 15-ը հուլիսի, 2018թ.

Ամերիկացի սենատորներն առաջարկում են Ռուսաստանի նկատմամբ սահմանել նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ: Այդ նախաձեռնությամբ հանդես են եկել հանրապետականներ Լինդսի Գրեհեմը և Մարկո Ռուբիոն:

Ընդ որում, նրանք առաջարկում են որոշումն ընդունել նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշնանը Միացյալ Նահանգներ կատարելիք այցը:

Գրեհեմի համոզմամբ, նոր պատժամիջոցները պետք է շատ խիստ լինեն: «Անհրաժեշտ է Կոնգրեսում համագործակցել նոր պատժամիջոցների հարցում, որովհետև Պուտինը չի հասկանում, ի պատասխան նրանց միջամտությանը մեր ընտրություններին՝ պետք է ընդունել նոր պատժամիջոցներ, դրանք կախված կլինեն նրա գլխին, իսկ հետո կարող եք հանդիպել», - ասել է սենատորը CBS հեռուստակայանի Face the Nation ծրագրում:

Սենատոր Ռուբիոն իր դեմոկրատ գործընկեր Քրիս Վան Հոլենի հետ միասին հեղինակել է օրինագիծ, որը ենթադրում է նոր պատժամիջոցների սահմանում այն դեպքում, եթե ապացուցվի, որ ռուսական կողմն իսկապես միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին:

Այս տարվա աշնանը Միացյալ Նահանգներում նախատեսված են «միջանկյալ» ընտրություններ: Ամերիկայում այդպես են անվանում ընտրությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ ավարտվում է նախագահի քառամյա պաշտոնավարման ժամկետի առաջին կեսը:

«Միջանկյալ» ընտրություններում ամբողջությամբ ընտրվում է Ներկայացուցիչների տունը և Սենատի մեկ երրորդը: Մի խումբ ամերիկացի քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ պնդում են, որ Մոսկվան փորձում է միջամտել նաև այդ ընտրություններին:

Հատուկ դատախազի կարգավիճակ ստացած Ռոբերտ Մյուլերը շարունակում է 2016 թվականի ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքների հետաքննությունը:

Հուլիսի 13-ին ամերիկյան կողմը այդ հոդվածով մեղադրանքներ է ներկայացրել 12 ռուսաստանցիների, ովքեր, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության բարձրաստիճան ծառայողներ են: Այդ կառույցի նախկին հապավումն էր ՀԳՎ` հետախուզության գլխավոր վարչություն (ГРУ):

Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանը նույնպես խոսել է նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին: Նա ասել է, որ համաձայն է ամերիկյան հետախուզության հայտնած կարծիքին, ըստ որի՝ ռուսները միջամտել են ընտրություններին:

Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելն էլ ասել է, որ Սենատի գլխադասային հանձնաժողովները պետք է մշակեն ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտությունը կանխելու նոր միջոցներ:

«Անհրաժեշտ է անցկացնել նոր լսումներ և ընդունել նոր որոշումներ, որոնք թույլ կտան զսպել Ռուսաստանի թշնամական քաղաքականությունը», - ասել է ՄըքՔոնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG