Մատչելիության հղումներ

Լուսաղբյուրում չարաշահումներ են հայտնաբերվել նախկին գյուղապետի կողմից


Շիրակի մարզի մի շարք համայնքներում ցորենի սերմացուի ու պարարտանյութի տրամադրման գործընթացում բացահայտված չարաշահումների փաստերով հարուցված որոշ քրեական գործեր կարճվել են, մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ ավելի քան 20 մլն դրամ արդեն վերականգնվել է։ Հափշտակության ու յուրացման փաստերով հարուցված քրեական գործերում Շիրակի մարզի 13 համայնքապետի անուն կա։

Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքում ևս իրավապահները չարաշահումներ էին գտել, բայց ոչ թե գործող, այլ նախկին գյուղապետ Սամսոն Բարսեղյանի կողմից։

Լուսաղբյուրցիները 7 մլն դրամի պարտք են ունեցել սերմերի գործակալությանը: Թեև պարտքը կառավարությունը զիջել է բայց խոշորացված Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը դեռ խնամքով պահում է պարտքատերերի ցուցակը, որը ժառանգություն է ստացել նախորդից: Ուսումնասիրել է պատքացուցակն ու մուծման անդորրագրերը, այդպես էլ գլուխ չհանելով, թե նախկին գյուղապետը հավաքած գումարով ում պարտքն է փակել:

«Խնդրեմ՝ 460 հազար դրամ համայնքի ղեկավարի անունով մուծված է, բայց չկա կից ցուցակը,ըստ որի երևար, թե Պետրոսյան Պետրոսն ինչքան գումար է վճարել», - պատմում է Մանուկյանը:

Մեկ այլ փաստ էլ աչքից չի վրիպել՝ ցուցակում եղել են շահառուներ, ովքեր չնայած կուտակած պարտքերին ամեն տարի սերմացու են ստացել: Շահառուներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնությունում է եղել, բայց նրա անունով սերմացու են ստացել:

82-ամյա Վիսլա Մեծոյանն ու որդին իրավապահներին բացատրություն են տվել, որ ստացած սեմացուի գումարը՝ 48 հազար դրամը վճարել են և որդին էլ սերմացու չի ստացել, քանի որ Ռուսաստանում է եղել: Վիսլա պապն ասում է՝ այլևս առանց կտրոն վերցնելու գործարք չի անի: Իսկ ով կեղծիք է արել՝ թող պատասխան տա․ - «Միլիցիային ըսի՝ ովքեր են, թող էրթա՝ պատասխան տա, ես մեղավո՞ր եմ»:

Գյուղն այժմ բաժանվել է երկու մասի՝ մի մասը նախկին գյուղապետի հարազատ-բարեկամներն են, մյուսն էլ՝ տուժածները, ու ոչ բոլորն են ցանկանում խոսել։

Նախկին գյուղապետ Սամսոն Բարսեղյանի հետ հանդիպել ու զրուցել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG